Հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) համագործակցությամբ մեկնարկել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հրամանատարական կազմի համար նախատեսված եռօրյա դասընթացը։ Այն կրում է «Հավաքների իրականացման համակարգումը (ոստիկանության գործունեությունը)՝ մարդու իրավունքներին համապատասխան» խորագիրը։
ՄԻՊ–ից NEWS.am—ին հայտնում են, որ դասընթացի նպատակն է զարգացնել ոստիկանության ծառայողների գիտելիքներն ու գործնական կարողությունները՝ հավաքների ընթացքում մարդու իրավունքների, մասնավորապես՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի երաշխավորման, ինչպես նաև հավաքների համակարգման գործընթացում միջազգային չափանիշների պահպանման ուղղությամբ։
Դասընթացին բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը։ Նա կարևորել է դասընթացի անցկացումը՝ ընդգծելով հավաքների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների վերաբերյալ ոստիկանության ծառայողների գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը։
Արամ Մինասյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին՝ դասընթացի կազմակերպմանն աջակցելու համար։
Դասընթացի նախաձեռնությունը ողջունել և դրա իրականացման համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Փոխնախարարը մատնանշել է խնդրի արդիականությունն ու նախարարության կողմից վերջին տարիներին ձեռնարկված միջոցները՝ ոլորտի պրակտիկան բարելավելու ուղղությամբ։
Միջոցառման սկզբում Պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության՝ հավաքների ազատության իրավունքի պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու սկզբունքները, տարիների ընթացքում մշտադիտարկման արդյունքներով արձանագրված՝ իրավապահ մարմինների գործունեությանը վերաբերող շարունակական խնդիրները, դրանց դինամիկան, ինչպես նաև դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված՝ իրավասու պետական մարմիններին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունները։
Եռօրյա վերապատրաստման դասընթացի շրջանակում ՄԻՊ աշխատակազմի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչները կներկայացնեն հավաքների ընթացքում ոստիկանության գործունեության նկատմամբ կիրառելի միջազգային իրավական չափանիշները, մարտավարական լուծումները, ուժի կիրառման օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքները, ոստիկանության հաշվետվողականության պահանջները և այլ կարևոր հարցեր։
Հավաքների ազատությունը, դրա արդյունավետ իրացման երաշխիքների ապահովման հարցերն ու նշված իրավունքի իրացման առնչությամբ առաջացած խնդիրները մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հանդիսանում են ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղություններից մեկը։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հավաքների ազատության իրավունքի լիարժեք իրացման ապահովումը և ոստիկանության ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահպանման դիտանկյունից։ Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի իրավապահ մարմինների կարողությունների շարունակական ամրապնդումը։
Դասընթացը կշարունակվի հոկտեմբերի 28-ին և 29-ին և կամփոփվի մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ։




























