Մինչեւ 2014թ մայիս՝  Հայաստանի անդամությունը Մաքսային միությանը, նորանոր հանգամանքներ կհայտնվեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին  հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ  մինչեւ հիմա այս հարցի համապարփակ պատասխանը չեղավ, թե ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին եւ ինչու։

Նրա խոսքով՝  Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կորսված հնարավորություն է, մտնելով դրա մեջ մենք կորցնում ենք Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրին միանալը, իսկ Եվրոպական միության տնտեսական դաշտի մեջ Հայաստանի հնարավորությունները անսպառ են եւ դժվար է հաշվարկել։

Միջազգային փորձագետը մեկնաբանեց, որ Մաքսային միությունը մի գոտի է, որտեղ մաքսային խոչընդոտներ չկան, գոյություն ունի ընդհանուր մաքսային սահման։ «Եթե վաղը Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լինելու է  ՀՀ տնտեսական բյուրոն։ Վիկտոր Խրեստենկոն լինելու է  Հայաստանի տնտեսական աստվածը։ Ինքը կորոշի՝ Հայաստան մտնող որ ապրանքը ի՞նչ մաքսային տուրք կունենա, այստեղից կհաշվարկվի Հայաստանի վնասը կամ չնչին օգուտը»,- նշեց Հովհաննես Իգիթյանը։

ԱԺ նախկին պատգամավորն ասաց, որ Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունից հետո Հայաստանն այլեւս անվստահելի գործընկեր է, եւ եթե նույնիսկ մենք հետ կանգնենք մեր հայտարարությունից, ապա մեզ հետ Ասոցացման համաձայնագրի հետ կապված այլեւս կլինեն նոր պայմաններ, նոր գործընթացներ։Նա նկատեց, որ իր եվրոպացի գործընկերները լավագույն դեպքում խղճում են մեզ՝ ասելով՝  ինչ թույլ է Հայաստանը, որ Ռուսաստանը այսպես ճնշում է, եւ առհասարակ այն, ինչ անում է Ռուսաստանը Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ Մաքսային միություն բերելու համար, ստորացուցիչ եւ անընդունելի է։

Ինչ վերաբերում է Մաքսային միություն մտնելու հետ կապված Հայաստանի վրա գործադրված ճնշումներին, ապա Հովհաննես Իգիթյանը չի կարծում, թե տնտեսական, քաղաքական կամ ռազմական սպառնալիք է եղել, քանի որ այդ ոլորտներում Հայաստանն այլեւս ոչինչ չունի տալու Ռուսաստանին, քանի որ տնտեսական սպառնալիքի առումով Հայաստանը Ռուսաստանին տվել է գույք՝ պարտքի դիմաց, քաղաքական սպառնալիք եւս չէր կարող լինել, որովհետեւ Հայաստանը միջազգային ատյաններում քվեարկում է այնպես, ինչպես Ռուասստանն է ասում, ռազմական սպառնալիք եւս չի կարող լինել, քանի որ մենք միակ երկիրն ենք, որտեղ առկա է ռուսական ռազմաբազա»։

«Մնում է ԼՂՀ եւ ՀՀ անվտանգության հետ կապված սպառնալիքը: Այլ հարց է, թե նա կարող է անվտանգության սպառնալիք ներկայացնել, երբ Ադրբեջանին վաճառել է զանգվածային ոչնչացման զենք։ Եթե այդպես է, Հայաստանը պետք է այդ մասին բարձրաձայներ, դա շատ լուրջ է,  արդյոք այդ վտանգը նորից չի՞ գալու, եւ այդ վտանգը չի՞ լինելու։ Ճնշումների հետ կապված հարցի պատասխանը կարող է տալ միայն Սերժ Սարգսյանը, իսկ ինքը լռում է, որովհետեւ ինքը միայն կարող է ասել, թե ինչ տեղի ունեցավ Պուտինի հետ հանդիպմանը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։