Microsoft ընկերության նախկին նախագահ եւ խոշորագույն բաժնետեր Բիլ Գեյթսը դարձյալ Forbes-ի կողմից ճանաչվել է ամենահարուստ ամերիկացին: Սա ամսագրի ամենամյա 20-րդ ցուցակն է, որը գլխավորում է Գեյթսը:

Ծրագրավորող ու գործարար Բիլ Գեյթսը հարստացել ու ճանաչում է ստացել Microsoft ընկերության կողմից Windows օպերացիոն համակարգի ստեղծման շնորհիվ, որի հիման վրա են աշխատում աշխարհում անհատական համակարգիչների մեծամասնությունը: Forbes-ը նրա ունեցվածքը գնահատել է 72 մլրդ դոլար, որը 13.5 մլրդ դոլարով գերազանցում է երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ներդրող Ուորեն Բաֆեթի ունեցվածքին:

Ուորեն Բաֆեթը 58 մլրդ ունեցվածքով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ երրորդ հորիզոնականում է Oracle ընկերության նախագահ Լարի Էլիսոնը՝ 41 մլրդ դոլար ունեցվածքով:

Չորրորդ եւ հինգերորդ հորիզոբականները կիսել են արդյունաբերող  Չարլզ ու Դեվիդ Կոխերը: Նրանցից յուրաքանչյուրի ունեցվածքը գնահատվել է 36 մլրդ դոլար: Wal-Mart ընկերության սեփականատեր Ուոլթոն ընտանիքը զբաղեցնում է 6-ից 9-րդ հորիզոնականները. Քրիստի Ուոլթոնն ու ընտանիքը (6 տեղ, 35.4 մլրդ դոլար), Ջիմ Ուոլթոնը (7-րդ տեղ, 33.8 մլրդ դոլար), Էլիս Ուոլթոնը (8-րդը, 33.5 մլրդ դոլար) եւ Ս. Ռոբսոն Ուոլթոնը (9-րդը, 33.3 մլրդ դոլար): Տասնյակը եզրափակում է Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Նրա ունեցվածքը կազմում է 31 մլրդ դոլար:

Վարկանիշային ցուցակի լավագույն քսանյակի մեջ են մտնում Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը (12-րդ, 27,2 մլրդ դոլար), Google-ի հիմնադիր Լարի Փեյջը (13-րդ տեղ, 24,9 մլրդ դոլար) եւ Սերգեյ Բրինը (14-րդ, 24,4 մլրդ դոլար): 18-րդ եւ 19-րդ հորիզոնականներում են տեղակայվել նշանավոր ներդրողներ Կարլ Այկանը (20,3 մլրդ դոլար, նա 2008թ.-ից հետո առաջին անգամ է վեռադառնում քսանյակ) եւ Ջորջ Սորոսը (20 մլրդ դոլար): 20-րդ հորիզոնական է բարձրացել Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը (19 մլրդ դոլար), հաղորդում է Forbes.ru-ն:

2013թ.ին Բիլ Գեյթսը ճանաչվեց ամենահարուստ մարդ ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ մոլորակում: Նա իր մերձակա մրցակցին գերազանցում էր 550 մլն դոլարով: