Դավթաշեն եւ Արաբկիր շրջաններում բնակարաններ գնած քաղաքացիներն ընդդեմ «Տոնուս» ՍՊԸ-ի գործով սեպտեմբերի 14-ին կայացած հերթական դատական նիստն այս անգամ եւս հետաձգվեց:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տոնուս« ՍՊԸ-ի կողմից «գցված»  քաղաքացիներից մեկը` Փափազյան փողոցում կառուցված շենքից բնակարան գնած երգիչ Արթուր Իսպիրյանը: Նա նշեց, որ «Տոնուսի» իրավաբանը ժամանակ խնդրեց պատրաստվելու համար, հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 27-ին:

Արթուր Իսպիրյանն ասաց, որ իրավաբանի հետ զրուցել են, ով իրենց բացատրել է իրավիճակը, խոստացել, որ մանրակրկիտ կներկայացնի պատկերը նիստին: Հաջորդ նիստին կպարզվի նաեւ քաղաքացիների կարգավիճակը. «Դրական բաներ լսեցինք մեր օգտին, ես հավատում եմ, որ կլինի: Շատ մարդիկ չեն հավատում, բայց ես լավատես եմ: Ուղղակի նման բան լսված չէ, որ մարդը վճարի մի բանի համար, հետո իրենը չլինի դա: Երբեւէ մտավախություն չեմ ունեցել, որ այդ բնակարանը կարող է ինչ-որ մեկին հանձնվի, շենքը պատրաստ է, վճարումները կատարված են, ոչ մի պրոբլեմ չկա, շենքի կառուցումը ավարտելու համար աշխատանքների 5 տոկոսն է մնացել, 15 բնակարան կա, որ դեռ չի վաճառվել, վաճառելուց հետո կարող է վերանորոգել շենքը, եթե իհարկե այս պատմությունից հետո ինչ-որ մեկը տուն գնի»,- ասաց Արթուր Իսպիրյանը՝   հավելելով, որ մեծ ցույց  այլեւս չեն անի, կսպասեն, թե ինչպես են զարգանում իրադարձությունները:

Դիտարկմանը, թե հնարավոր է ձեր հայտնի լինելը դեր խաղա, որ այդ շենքից բնակարան գնած քաղաքացիները ստանան իրենց տները, Արթուր Իսպիրյանը բացասական պատասխան տվեց, ասելով, որ այդտեղ շատ հայտնի այլ մարդիկ են բնակարաններ գնել՝ սկսած գեներալներից վերջացրած բիզնեսմեններով:

Նրանց, սակայն, իրենց ակցիաներին չեն տեսել, քանի որ նրանք չեն մասնակցում, ունեն սեփականության վկայականներ, իրենց հետաքրքրում է, որ շենքի շինարարական աշխատանքները ավարտին հասցվեն: «Մենք պայքարում ենք վկայականներ ստանանք, իրենք արդեն ստացել են վկայականները, ահաբեկել են, բարկացել են, ընկերացել են, ստացել են, լավ են արել, ես էլ կուզեի ստացած լինեի»,- ասաց երգիչը:

Թե երբ նրանք կկարողանան ստանալ իրենց բնակարանները, Արթուր Իսպիրյանը չգիտի, «բավականին մեծ հաշվարկների հետ է կապված, մութ անկյուններ կան, որ պետք է լուսավորվի եւ պարզաբանվի ամեն ինչ»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են խաբված: