Երեկ Բաքվի Հեյդար Ալիեւի օդանավակայանում տհաճ միջադեպ է գրանցվել օդանավակայանի աշխատակիցների եւ բուլղարական «Լեւսկի» թիմի ֆուտբոլիստների միջեւ: Ֆուտբոլային ակումբին թույլ չեն տվել վերադառնալ հայրենիք, քանի որ արգելվում է գիշերային ժամերին թռչել Ադրբեջանի մայրաքաղաքի վրայով եւ միայն 23 հազար եվրո տուգանք մուծելուց հետո են բուլղարներին թույլ տվել լքել Բաքուն:
Նշենք, որ բանը հասել է ընդհուպ մինչեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի միջամտությանը: «Լեվսկի»-ի նախագահ Տոդոր Բատկովին եւ այդ թիմի ֆուտբոլիստներին նյարդայնացրել էր ինչպես այն, որ իրենց չեն թողնում ժամանակին մեկնել Բաքվից, այնպես էլ օդանավակայանի աշխատակիցների դանդաղկոտությունը:
Թիմին առաջարկվել է այլընտրանքային տարբերակ` տուգանք վճարել, եթե իսկապես ցանկանում են անմիջապես մեկնել եւ չսպասել լույսը բացվելուն: Ակումբի նախագահը հրաժարվել է տուգանք վճարել ու որոշել է գիշերվա կեսին զանգահարել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին, որպեսզի նա աջակցի խնդրի լուծմանը: Իր հերթին Բուլղարիայի կառավարության ղեկավարը կապվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, սակայն վերջինս չի ցանկացել խախտել իր երկրի կանոնները:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Լեւսկի»-ն ստիպված է եղել վճարել 12 հազար եվրո, որպեսզի մեկնի Սոֆիա, սակայն բուլղարական լրատվամիջոցները խոսում են 23 հազար եվրո տուգանքի մասին: «Լեւսկի» ակումբի ղեկավարը բուլղարական «Dnevnik.bg»-ին հայտնել է, որ այդ գումարի մեջ բացի տուգանքից, ներառվել է նաեւ չարտերային ինքաթիռի սպասարկումը:
Բուլղարիա հասնելուն պես, Բատկովը խոստացել է այս միջադեպի հետ կապված բողոքել ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիին, սակայն դեռ չգիտի, թե հատկապես ում պետք է ներկայացնի առարկությունները: Նրա խոսքով, Բաքվի օդանավակայանի աշխատակիցները դիտավորյալ հետաձգում էին ինքնաթիռի թռիչքը մինչեւ կեսգիշեր: «Սա չլսված բան է: Մեզ հետ վարվում էին ինչպես ոչխարների, փաստաթղթերը ստուգվում էին շատ դանդաղ: Կարծես միտումնավոր էին անում, որ վիճաբանություն լիներ: Մեզ տարան սպասասրահ, որտեղ անգամ զուգարան չկար, եւ ասացին, թե մենք կարող ենք թռչել միայն վեց ժամ անց», — ասել է նա։
Հիշեցնենք, որ բուլղարական «Լեւսկի»-ն Բաքվում էր գտնվում՝ մասնակցելու համար Չեմպիոնների լիգայի որոկավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանը: «Բաքու» եւ «Լեւսկի» թիմերի միջեւ առաջին հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով: Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 5-ին` Սոֆիայում:
Հասանելի է
русский



























