ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարեւոր է համարում ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցի հրապարակումը: Նման կարծիք նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին՝ նշելով, որ այդ զեկույցը Հայաստանի կառավարության պատասխանների հետ միասին հրապարակվել է ՀՀ արդարադատության եւ ԱԳ նախարարությունների առաջարկությամբ:

Հիշեցնենք, որ նշված զեկույցում ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն մտահոգություն էր հայտնել մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով կալանավորվածների խոշտանգումների փաստի կապակցությամբ եւ մարտիմեկյան դեպքերի հրապարակային քննության կոչ էր արել:

«Որոշ դեպքերում, երբ երկրներում տեղի են ունենում որոշակի իրադարձություններ, կոմիտեն իրավունք ունի ուղարկելու հրատապ այցելությամբ որեւէ մի խումբ: Մարտի 1-ի իրադարձություններից հետո տեղի է ունեցել նման այցելություն, եւ, բնականաբար, նման կոմիտեի զեկույցները միշտ չէ, որ հաճելի է ընթերցել, որովհետեւ նրանք լինում են շատ քննադատական»,- ասել է Դ. Հարությունյանը` հավելելով. «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ դրանք շատ կարեւոր են, որպեսզի հրապարակվեն, որովհետեւ ե՛ւ հասարակության, ե՛ւ իշխանության համար դա լուրջ զսպաշապիկ է: Այսինքն, պետք է մշակվեն գործողությունների քայլեր` անհապաղ դրանից հետո, որպեսզի դա վերացվի»:

Հարցին` համամի՞տ է արդյոք կոմիտեի հնչեցրած մտահոգություններին, Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Ես ոչ միայն համամիտ եմ, ես համարում եմ, որ, հավանաբար, մենք ստիպված ենք լինելու օրենսդրական փոփոխությունների միջոցով հասնել դրան, որպեսզի դա լինի նաեւ օրենսդրական պահանջ: Դրա մասին է խոսում նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցը, եւ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում անգամ խնդիր դրվեց, որ մենք պետք է ներկայացնենք ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների իրագործման ժամանակացույցը: Այդ առաջարկությունների շարքում են նաեւ նմանատիպ առաջարկություններ»:

Ինչ վերաբերում է մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների համաչափությանը, մասնավորապես` տասը անձանց սպանության հանգամանքների վերաբերյալ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հարցադրմանը, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասել է. — «Կարծում եմ, որոշ աշխատանք կատարվել է` անկախ զեկույցի հրապարակումից, սակայն հարցադրումները, որոնք ներկայացնում են Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի փորձագետները, ինքնին կարեւոր են, եւ մեկ անգամ եւս կառավարությունը դրան պետք է անպայման անդրադարձ կատարի»: