2010 թվականի մարտի 19-ին, մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա /FIDH/ իրավապաշտպան կազմակերպության ինտերնետային կայքում տեղադրվել է հայտարարություն` Հայաստանում արդար դատաքննության վերաբերյալ` ստորագրված Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության և Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունների անունից:
Հայտարարության մեջ անդրադառնալով 2008թ մարտի 1-2-ի իրադարձություններին` նշվում է, որ տասը մարդ սպանվել է և 200 հոգի վնասվածքներ են ստացել բախումների հետևանքով:
Սույնով, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ ոչ միայն համաձայն չէ նշված ձևակերպմանը, այլև, ինչպես բազմիցս տարբեր հայտարարություններում նշել է, քաղաքացիները սպանվել են ռեժիմի կողմից զենքի ապօրինի կիրառման արդյունքում:
Սույն հայտարարությամբ հայտնում ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չի ստացել հայտարարության տեքստը մինչ հրապարակումը, համաձայն չէ տեքստում նշված ձևակերպման հետ և իր ստորագրությունը հետ է վերցնում հիշատակված պատճառներով:
Հայտարարությունը ստորագրել է կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը:



























