Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով սեպտեմբերի 25-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի գլխավորած պատվիրակությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում գեներալ Կոստարակոսին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց գեներել-գնդապետ Յու.Խաչատուրովի եւ գեներալ Կոստարակոսի միջեւ, այնուհետեւ` հանդիպում ընդլայնված կազմով ՀՀ ԶՈՒ ԳՇ եւ ՀԱՊԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Պաշտոնական հանդիպումների եւ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի եւ ՀԱՊԳՇ արտաքին հարաբերությունների դիրեկտորատի ղեկավար, բրիգադի գեներալ Ալեքսանդրոս Դիակոպուլոսի կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը, որում ընդգրկված են մեկ տասնյակից ավելի դասընթացներ, անհատական եւ ստորաբաժանումների կազմով վարժանքներ եւ փորձի փոխանակման միջոցառումներ Հունաստանում եւ Հայաստանում:

Այցի ավարտին գեներալ Կոստարակոսի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաեւ Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: