3-րդ մասում հայտնի «Ճվճվ» մականունով Արոյի որդու եւ նրա ընկերոջ փախուստն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, վաղ առավոտյան կանխել է Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:
Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ ժամը 07.30-ի սահմաններում Երեւանի Պարոնյան փողոցում նկատել է բարձր արագությամբ եւ ճանապարհային երթեւեկության կաննոների կոպիտ խախտումով ընթացող «Լադա-2172» մակնիշի 44 RR 404 համարանիշի մեքենան, ռադիոկապով փոխանցել է անձնակազմին, որ կանգնեցնեն նրան: Տեսուչները, սակայն, ՃՈ-ի պետին հայտնել են, որ վարորդը չի ենթարկվում ազդանշանին:
«Տրվեց հրահանգ, որ ձեռնարկեն բոլոր միջոցները տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելու համար: Տեսչական անձնակազմին հաջողվեց Կիլիկիա թաղամասում կանգնեցնել մեքենան, բայց վարորդը նորից չէր ենթարկվում, փորձում էր դիմել փախուստի, հրաժարվում էր ներկայացնել փաստաթղթերը, մեքենայի բանալիները, քանի որ նա եւ ուղեւորը կասկածվում էին ոչ սթափ լինելու մեջ:
Անմիջապես դեպքի վայր մեկնեցի ես, իմ գալուց հետո կրկին չէին ենթարկվում, չէին ներկայացնում փաստաթղթերը եւ բանալիները: Փորձեցին փախչել դեպքի վայրից, բայց մեր կողմից իրականացված օրինական գործողությունների արդյունքում 22-ամյա Սերժ Արայի Վարդանյանը եւ նրա ուղեւոր Ռաֆայել Այվազյանը բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին»,- հայտնեց Արսեն Արշակյանը:
Ի դեպ, նա հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ այս վարորդը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար:





























