Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` երեկ տեղի ունեցած միջադեպի հետ կապված հայտարարությունների կապակցությամբ «Արմենպրես»-ը դիմել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչություն:
Ի պատասխան` Սահմանապահ վարչությունից հայտնել են. «Ս.թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զ.Ա.Փոստանջյանն անձանց խմբի հետ գտնվել է Սյունիքի մարզի (նախկին Մեղրու շրջան) տարածքում` հարակից Հայաստանի Հանրապետության` Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետական սահմանին, որն, ըստ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված միջպետական պայմանագրի, հսկում են Ռուսաստանի սահմանապահները:
Այդ ժամանակ Ռուսաստանի ԱԴԾ-ի Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների հետ իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ քրեական հանցագործության մեջ կասկածվող անհատների ձերբակալման ուղղությամբ: Ժամը 20:00-ի շրջանում Երեւան-Մեղրի ճանապարհի վրա կանգնացվել է մի մեքենա, որում գտնվել է Զ. Ա. Փոստանջյանը: Զ. Ա. Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը եւ կոպիտ կերպով բացատրություններ է պահանջել: Սահմանապահի կողմից կանգնեցնելու վերաբերյալ բացատրությունների տրամադրումից հետո Զ.Ա. Փոստանջյանն ու իր ուղեկցող անձինք իրենց դրսեւորել են հանդուգն կերպով, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, հրապարակայնորեն վիդեոնկարահանում էին սահմանապահ ծառայություն իրականացնողներին: Ի հակառակ պատգամավորի պնդումների` սահմանապահ ծառայության աշխատակիցները վիդեոնկարահանման սարքը չեն կոտրել:
Ավելին, դեպքի վայր է ժամանել Սահմանապահ ծառայության ներկայացուցիչը, ով ճշտել է դեպքի մանրամասները եւ կարգավորել խնդիրը: Այնուամենայնիվ, Զ.Ա.Փոստանջյանը եւ նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին: Իրենց գործողություններով Զ.Ա. Փոստանջյանի գլխավորած խումբը կանխամտածված խոչընդոտել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարմանը` կապված սահմանի պահպանության հետ, դրանով իսկ հանցագործների փնտրտուքի եւ ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը ցավում է տեղի ունեցածի համար: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հանրության ուշադրությունը հրավիրել սահմանապահ ռեժիմի եւ սահմանի ռեժիմի կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Սահմանի ռեժիմը բոլորի համար նույնն է` լինի դա խորհրդարանական կամ շարքային քաղաքացի: Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել Ազգային ժողովի, որի անդամ է Զ.Ա. Փոստանջյանը, կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության «Պետական սահմանի» մասին օրենքի 34-րդ հոդվածը. «Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները եւ կազմակերպությունները պարտավոր են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանման հարցում, Սահմանապահ զորքերին անհապաղ հայտնել պետական սահմանին սպառնացող վտանգի մասին»:





























