«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Հրազդան» կայարանի կայարանապետ Հակոբ Ստեփանյանը, ով աշխատանքի ազատվել է 20 օր առաջ, անվտանգության նորմերի պահպանման ոչ բավարար մակարդակ է ցուցաբերել: Այդ մասին ասվում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տարածած հայտարարության մեջ՝ «Հրազդան» կայարանի աշխատակիցների մի մասի կողմից նախաձեռնած ակցիայի կապակցությամբ:
«Սեպտեմբերի 1-ին ժամը 15:00-ին «Հրազդան» կայարանում տեղի էր ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար: Կայարանի հերթապահ Ա.Խաչատրյանը, լքելով իր աշխատատեղն, իր գործընկեր Ս.Սիրունյանի հետ կայարանամերձ հրապարակում որոշել էր ստուգել անձնական ավտոմեքենայի արգելակները: Արդյունքում, ղեկին գտնվող Ս.Սիրունյանը վրաերթի ենթարկեց Ա.Խաչատրյանին, ով ընկնելով գլխի վնասվածք էր ստացել եւ մահացել:
Աշխատանքի պաշտպանության եւ անվտանգության նորմերի խախտումները եւ Ստեփանյանի կողմից իր աշխատանքային պարտականությունների չկատարումն արձանագրված են միջադեպի պատճառների ուսումնասիրության համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից:
Կայարանապետին զբաղեցրած պաշտոնից տեղափոխվելու առաջարկը պայմանավորված է սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպով, որի պատճառով կարգապահական պատասխանատության ենթարկվեց ոչ միայն Ստեփանյանը, այլ նաեւ մի շարք այլ ղեկավարներ:
Աշխատավարձի բարձրացման հետ կապված հայտնում ենք, որ ՀԿԵ-ում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 195 000 դրամ: Համամատության համար հիշեցնենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը 2013 թվականի օգոստոսին կազմել է 149 725 դրամ:
Բացի այդ, աշխատավարձի ծավալը ՀԿԵ-ում պարբերաբար ինդեքսավորվում է: Օրինակ, 2013 թվականի օգոստոսին արձանագրվել է 11%-նոց աճ 2012-ի նույն ամսվա հետ համեմատ:
«Հրազդան» կայարանում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 150 000 -180 000 դրամ (առանց հարկման)»,- ասվում է հայտարարության մեջ:





























