Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում բնակվող Ոսկեհատ Վարդանյանն օրերս բոլորել է ծննդյան 100-ամյակը: Հոբելյանական տարեդարձի առթիվ Ոսկեհատ տատն արժանացել է մարզի ղեկավարության ուշադրությանը:

Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, թե տատին շնորհավորելու նպատակով նրան են այցելել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանը եւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը: Նրանք  Ոսկեհատ Վարդանյանին  հանձնել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ հատկացված դրամական պարգեւը:

Ոսկեհատ Վարդանյանը Մարտունու տարածքի Աստղաձոր համայնքի բնակիչ է, ծնվել է 1913թ.: Ամուսնանալով համագյուղացի  Սիրական Վարդանյանի հետ՝ ունեցել են 15 զավակ, որոնցից այժմ կենդանի են 6-ը:   22 տարի առաջ տատը կորցրել է ամուսնուն: Ոսկեհատ տատի միակ զբաղմունքը եղել է զավակներին պահելն ու մեծացնելը:   Ունի 20 թոռ եւ 39 ծոռ, որոնց հոգատարությամբ էլ շրջապատված է:  Առողջական լուրջ խնդիրներ չունի Ոսկեհատ տատը, տեսողությունից եւ լսողությունից այնքան էլ չի դժգոհում, միայն դե շատ է մեծացել, ասում է նա: