Հանրային խորհրդի քաղաքաշինության եւ ճարտարապետական հարցերի, ինչպես նաեւ ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովները դեմ են «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը քանդելուն: Սեպտեմբերի 26-ին կայացած հին համալիրի հետագա շահագործման խնդրով հանրային քննարկմանը ճարտարապետները կարծիք հայտնեցին, որ համալիրի պահպանման ծախսատար լինելը չի արդարացնում այն քանդելու կոնցեսիոների մտադրությունը: 

«Հուշարձանի ֆիզիկական վիճակը պատրվակ չէ այն քանդելու համար: Մենք պարտավոր ենք այն անվտանգ դարձնել: Որեւէ հուշարձան քանդելը բարբարոսություն է: Ու դա վերաբերում է բոլորին, ովքեր գործում են Հայաստանում, անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի են»,- ասաց ակադեմիկոս, ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը՝ ընդգծելով, որ օրտարերկյա ներդրումները խրախուսելի են, եթե ներդրողները հարգում են մեր մշակութային արժեքները, որոնք ստեղծվել են մինչեւ նրանց Հայաստան գալը:

Հանրային խորհրդի ավիացիոն ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելա Մուրաբյանը առաջարկեց հին համալիրում ստեղծել տրանզիտ գոտի, որը կսպասարկի դեպի Գյումրի, ապագայում՝ Ստեփանակերտ, գուցե նաեւ՝ Ստեփանավան եւ Ղափան չվերթները՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում այժմ կա նաեւ փոքր ավիացիան զարգացնելու խնդիր:

«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի մոտեցումները ներկայացնող՝ Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը պնդում էր, որ գործող նոր օդանավակայանը ի վիճակի է սպասարկել եւ միջազգային, եւ տեղական չվերթները, եւ կարիք չկա դրա համար լրացուցիչ ծախսեր անել: Հին մասնաշենքը, նրա խոսքով, շտապ վերականգման եւ ուժեղացման կարիք ունի, ինչը մոտ 12 մլն դոլարի ներդրումներ է պահանջում:

«Եթե նախկինում օդանավակայանը սպասարկում էր ժամում 400 ուղեւոր, հիմա՝ շատ ավելի շատ է սպասարկում ավելի շքեղ ու լավ պայմաններով: Հանձնաժողովը մի քիչ էլ պետք է կոնցեսիոների տեսանկյունից նայի: Եթե գործող օդանավակայանը լիովին բավարարում է բոլոր չվերթները, եւ մեծ ծախսեր է անում գործող օդանավակայանի վրա, ինչքանո է հարմար շահագործել նաեւ հինը, միայն որպեսզի այն չքանդվի»,- ասաց Աշոտ Ազիզյանը:

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը հակադարձեց. «Մեր շատ հուշարձաններ Հայաստանում կամ դրանից դուրս վատ վիճակում են: Բայց դա չի նշանակում, որ դրանք պետք է քանդել: Ընդհանրապես, քանդել բառը պետք է վերացնել մեր գործարարների լեքսիկոնից: Մշակույթը գումարելով ու կուտակելով է գոյանում, ոչ թե հանելով ու բաժանելով»: