Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով ինչպես անցած տարվա, այնպես էլ 2013 թվականի ամառվա ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով Երեվան-Սեւան մայրուղու 4 հատվածում հունիսի 22-ից սեպտեմբերի 20-ը շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են կազմակերպվել։
Հերթապահություններն իրականացրել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության բրիգադները ուրբաթ օրերին, ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 08:00-ից-22:00-ը։
Լրացուցիչ հերթապահությունների ընթացքում շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել 84 անձի։ Նրանցից 17-ը հոսպիտալացվել է:
Մայրուղու Կոտայքի մարզի վարչական տարածքում մարզի բժշկական կազմակերպությունների շտապ բժշկական բրիգադների կողմից հերթապահությունների ընթացքում օգնություն է ցուցաբերվել 61 ուղեւորի, որոնցից 23-ին Հրազդանի, 31-ին` Չարենցավանի եւ 7-ին` Աբովյանի հենակետում։ Ավտովթարի հետեւանքով տուժել է 10 մարդ, որից 1-ը տեղում` մինչեւ շտապօգնության բրիգադի ժամանումը մահացել է։ Մյուսների մոտ ախտորոշվել է տարբեր աստիճանի վնասվածքներ` գանգուղեղային վնասվածքներ, գլխուղեղի ցնցում, ոսկրերի կոտրվածքներ, հյուսվածքների սալջարդ, վերքեր։ Ավտովթարից տուժածներին տեղում ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, անհրաժեշտության դեպքում տեղափոխվել են հիվանդանոցներ:
Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում Սեւանի հիվանդանոցի շտապ բժշկական բրիգադների կողմից իրականացված հերթապահությունների ընթացքում սպասարկվել է 23 ուղեւոր:
Նշենք, որ այս նախաձեռնության առթիվ նախարարությունը բազմաթիվ լավ արձագանքներ է ստացել ազգաբնակչությունից։ Բոլորը նշում են, որ ամառվա ամիսներին մայրուղում շտապօգնության մեքենաների առկայությունն ինքնին զգաստացնում է վարորդներին։ Միաժամանակ առողջական խնդիրներ ունեցող ուղեւորները հնարավորություն են ստանում հենց ճանապարհին առաջին բուժօգնություն ստանալ։
Երթեւեկողները, իմանալով այս հերթապահությունների մասին, թե՛ անցյալ, թե՛ այս տարի շտապօգնության ծառայությանը դիմել են տարբեր խնդիրներով` զարկերակային գերճնշման, արեւահարության, ալերգիկ վիճակի, թունավորման, միջկողային նեւրալգիայի, գոտկասրբանային ռադիկուլիտների, վաղաժամ ծննդաբերության եւ այլ դեպքերի կապակցությամբ։





























