Եթե որեւէ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ պետք է խրախուսվի այս եղանակով՝ կարող եք այդպես համարել. ես կատարել եմ իմ ծառայողական պարտականությունները եւ կատարելու եմ։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ասաց ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման եկած ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք  ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելը կապված էր Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելու հետ՝ որպես փոխհատուցում, գրում է «Առավոտ»-ը։

Լրագրողները հիշեցրին, որ նա դեռեւս նախաքննությունը չավարտած՝ հրապարակային կարծիք էր հայտնել, թե Սուրիկ Խաչատրյանը ներկա չի եղել իր տան դիմաց կատարվող միջադեպին՝ այդպիսով ուղղորդելով նախաքննությունը եւ կանխորոշելով այս գործի ելքը:

Կոստանյանն ասաց, որ իր հայտարարությունն անելու ժամանակ արդեն ձեռք էին բերվել այդ փաստն ապացուցող արձանագրություններ: Նա վստահեցրեց, որ փորձաքննության եզրակացությունը ապացույցներից մեկն է ընդամենը, եւ «ձեռք են բերվել բազմաթիվ ապացույցներ, որոնք իրենց ամբողջության մեջ արձանագրում են արդեն փաստը»:

Իսկ որքանո՞վ է հավանական, որ Սուրեն Խաչատրյանն իսկապես այդքան խորը քնով քնած է եղել՝ տան դիմաց կատարվող այդքան իրադարձությունների ժամանակ, պարոն Կոստանյանը ասաց. «Մենք չենք խոսում քնած լինելու կամ որեւէ այլ կենսաբանական վիճակում գտնվելու մասին, մենք խոսում ենք այն մասին, որ անձը դեպքի վայրում եղե՞լ է, թե չի եղել»: Ինչ վերաբերվում է նրան, թե ինչ վիճակում է ներկայումս գտնվում այդ գործը, պարոն Կոստանյանն ասաց. «Երկու որոշում էր կայացվել քննիչի կողմից՝ այդ գործով քրեական հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ, այդ որոշումները բողոքարկվել էին, ես արդեն կայացրել եմ որոշումներ եւ ստուգել եմ դրանց օրինականությունը՝ դրանք օրինական էին: Հաջորդ հնարավոր քայլը կարող է լինել, որ եթե փաստաբանի կամ գործի այլ մասնակցի կողմից այդ որոշումները բողոքարկվեն դատական կարգով, դրանք արդեն կքննվեն դատարանում»: