Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, սեպտեմբերի 22-ի գիշերը անհայտ երիտասարդների խումբը հարձակվել է ադրբեջանական «Վստրեչա» անունը կրող սրճարանի վրա: Դիմակներով ու մահակներով զինված երիտասարդները ներխուժել են սրճարանի շենք, կրակել են, կոտրել կահույքը, ծեծել ներսում գտնվողներին: Երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկը սրճարանի տերն է, մյուսը՝ ռուս այցելու:
Մեկ օր անց ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվել է 6 կասկածյալ, մյուսներին փնտրում են: Հարուցվել է քրեական գործ «Նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն» հոդվածով (նախատեսում է մինչեւ 7 տարվա ազատազրկում):
Միջադեպը համացանցում բուռն քննարկումների առարկա է դարձել: Շատ բլոգերներ եւ լրագրողները վստահ են, որ տեղի ունեցածը ազգային կոնֆլիկտ է, իսկ ոստիկանությունը այդ մասին լռում է:
Փաստը, որ հարձակումից մարդիկ տուժել են իրենց մաշկի եւ մազերի գույնի պատճառով, պնդում են նաեւ սրճարանի աշխատակիցները: Նրանք պատմել են. «Այդ օրը սրճարանը լիքն էր, մոտ 50 մարդ, որոնց մեծամասնությունը՝ օտարերկրացիներ: Ներս խուժեցին դիմակավոր մոտ 30 երիտասարդներ եւ հարձակվեցին հենց նրանց վրա, իսկ ռուսներին ձեռք չէին տալիս: Ոչ, չէին հայհոյում կամ վիրավորում, պարզապես ամեն ինչ ջարդուփշուր էին անում:
Նրանց ձեռքին կային մահակներ եւ երկաթե ձողեր: Սրճարանի հետնամուտքը եւս փակել էին, որ ոչ ոք չփախչի: Պարզ է, որ այս ամենը նախապես էին պլանավորել: Այն ռուս տղան, որը տուժել է, պատահաբար է ձեռքի տակ ընկել»:
ՌԴ ՆԳՆ մարզային վարչությունից հայտնել են, որ ձերբակալվածները ոչ մի ծայրահեղական խմբավորման անդամ չեն: Տեղի ազգայնականները կարծում են, որ սա տեղի բնակիչների պայքարի արդյունքն է: Իսկապես, տեղի բնակիչները բազմիցս բողոքներ են գրել, որ այդ սրճարանում մշտապես աղմկում են, խանգարում են իրենց, բայց միշտ պատասխան են ստացել, որ «ամեն ինչ օրինական է»: Պարբերականը գրում է, որ տեղացիները նույնիսկ ուրախ են տեղի ունեցածի համար:





























