Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Արմեն Նադիրյանը մասնակցել է Ստրասբուրգում տեղի ունեցած` իրավիճակի գնահատման տարածաշրջանային կոնֆերանսին:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության համատեղ կազմակերպած «Իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների հետաքննություն» թեմայով կոնֆերանսին մասնակցել են հինգ երկիր` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան եւ Ուկրաինան:

Կոնֆերանսի նպատակը վատ վերաբերմունքի կանխման եւ համապատասխան հաղորդումների արդյունավետ հետաքննության հետ կապված եվրոպական եւ միջազգային ստանդարտների հիշեցումն էր, ինչպես նաեւ` վերջին երկու տարիների ընթացքում վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ պայքարի առումով նշված ծրագրերի շրջանակներում գործընկեր երկրների կողմից ձեռքբերված առաջընթացի արձանագրումը:

Ըստ Արմեն Նադիրյանի` կոնֆերանսի մասնակից տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներն իրենց զեկույցներում ներկայացրել են վատ վերաբերմունքի կանխման եւ դրա դեմ պայքարի գործում իրենց երկրների փորձը, այդ բնույթի գործերի քննության ազգային մեխանիզմները:

- Ասեմ, որ միջազգային կառույցների կողմից դրական է գնահատվել այն հանգամանքը, որ ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների` Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի կապակցությամբ գործերի քննությունն իրականացվում է որեւէ գերատեսչական ենթակայության տակ չգործող անկախ մարմինը` Հատուկ քննչական ծառայությունը,- ասաց Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը: