Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ քննարկվել են 2013թ-ի Երեւան քաղաքի համայնքային բյուջեի կատարման ընթացքի հետ կապված հարցեր: Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետեւողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում կարեւոր է հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումը:

Ըստ այդմ, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:

Առանձնակի կարեւորելով քաղաքային իշխանություն - բնակիչ կապի էլ ավելի ամրապնդումը, Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետեւողական լինել քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում ստացված դիմումների ժամանակին եւ սպառիչ պատասխանների տրամադրման հարցում: Քաղաքապետը հանձնարարել է նաեւ խիստ ուշադրություն դարձնել  քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում սահմանված քաղաքացիների ընդունելության օրերի ժամանակ, ինչպես նաեւ գործող թեժ գծի հեռախոսահամարներով բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծմանը եւ, անհրաժեշտության դեպքում, անհատապես հանդիպել կրկնակի դիմումներ ներկայացրած բնակիչների հետ: