Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ապահովել հանրակրթական ուսումնական հաստատություններում «ՀԷՑ»-ի կողմից իրականացվող էլեկտրաէներգիայի օգտագործման անվտանգության կանոնների մասին դասընթացների կազմակերպման ծրագրի շրջանակում համատեղ տեղեկացման, փոխգործակցության եւ գործողությունների համակարգման աշխատանքներ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կարեւորելով համաձայնագրի ստորագրումը` Արմեն Աշոտյանը նշել է, որ ծրագրի կարեւորությունն անվտանգ դպրոցական միջավայր ստեղծելու, ինչպես նաեւ դպրոցից դուրս անվտանգության պահմանման կարեւոր բաղադրիչներից մեկն է: «Խոշոր գործատուները նախարարության կարեւորագուն գործընկերներ են. ցավոք, այդ մշակույթն ամբողջությամբ չի վարակել մեր բիզնես միջավայրը, որովհետեւ պետություն-մասնավոր հատված ձեւաչափը կարեւոր է ինչպես կրթության բովանդակային ապահովման եւ աշխատաշուկայի հետ սերտ հարաբերության, այնպես էլ ապագայում միասնական կրթական գործունեության ապահովման տեսակետից: Եթե դպրոցում եւ դրանից դուրս էլեկտրական հոսանքի օգտագործման հետ կապված կտրուկ նվազեն դժբախտ պատահարները եւ կանխվեն դրանք, եթե կարողանանք անգամ մեկ փոքրիկի բացատրել, որ ստացված գիտելիքն իրեն օգտակար կլինի ողջ կյանքում եւ փրկենք նրան` հնարավոր դժբախտ պատահարներից, կարծում եմ` ծրագիրն իմաստ ունի եւ հաջողությամբ կշարունակի իրականացվել»,-նշել է Ա. Աշոտյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն իր հերթին նշել է, որ ծրագրի շրջանակում ցանցի աշխատակիցներն այցելել են հանրապետության մարզերի շուրջ 1200 դպրոց, անցկացրել համապատասխան դասընթացներ, որոնք լավ արդյունք են տվել: «Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարաշրջանում կարեւոր է, որ երեխաները հնարավորիս վաղ հասակից պատկերացում կազմեն` ինչ է անվտանգությունը: Բացի այդ, մեր աշխատակիցներն անցնում են համապատասխան վերապատրաստում, որպեսզի կարողանան ավելի մատչելի բացատրել երեխաներին` էլեկտրաէներգիայի օգտագործման անվտանգության կանոնները»,-նշել է Եվգենի Բիբինը` հավելելով, որ «ՀԷՑ»-ի պատվերով «Մուլտիշոկ» մանկական ամսագրի ստեղծագործական անձնակազմը պատրաստել է նկարազարդումներով փոքրիկ ամսագիր, որը նախատեսված է 4-7-րդ դասարանների աշակերտների համար:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարը Եվգենի Բիբինի ուղեկցությամբ այցելել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակակից կրթական կենտրոն, որտեղ ցանցի աշխատակիցները մասնագիտական գիտելիքների կատարելագործման, վերապատրաստման դասընթացներ են անցնում:




























