Ոստիկանությունում, սեպտեմբերի 25-ին, տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որտեղ քննարկվել են «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր:

Խորհրդակցությունը վարել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին միջոցառման նախապատրաստման եւ իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի կողմից այս տարվա օգոստոսի 8-ին հաստատված պլանի կետերի կատարողականներն ապահովելու նպատակով մինչ օրս իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող միջոցառումները ներկայացրել է ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը:

Միջոցառումը պատշաճ կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով Հունան Պողոսյանը պլանով նախատեսված ստորաբաժանումների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Մասնավորապես, նախատեսվում է ոստիկանության կրթահամալիրում կազմակերպել հատուկ նշանակության վարչության ծառայողների հատուկ վարժանքների ցուցադրում, միջազգային համակարգման շտաբի օպերատիվ վարչության աշխատանքների կազմակերպման համար ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ եւ այլն:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը խորհրդակցության ավարտին պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին: