Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է։ Օրվա առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր զբոսաշրջային էքսպո։ 25 տաղավարներում ցուցադրված էին հանրապետության 10 մարզերը եւ ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։
Հանրապետության մարզերը ներկայացվել են հիմնադրամի մարզային կենտրոնների կողմից, որտեղ երիտասարդները հենց իրենք են ցուցադրում իրենց բնակավայրերի զբոսաշրջային ներուժը։
Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը նշեց, որ Կոտայքը զբոսաշրջային մարզ է։ Դեռեւս 2011 թվականին հաստատվել է մարզի զարգացման քառամյա ծրագիրը, որտեղ առանցքային տեղ է հատկացված զբոսաշրջությանը՝ սկսած զբոսաշրջային տարբեր ենթակառուցվածքների զարգացումից, մինչեւ մարզի մշակույթի, ավանդույթների արդյունավետ համադրում արդի զբոսաշրջության պահանջներին:
Տուրիստական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Մելինե Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ վերջին շրջանում հանրապետությունում նկատվում է ներգնա տուրիզմի ակտիվացում։ Ըստ տուրօպերատորի՝ Հայաստանում առավել պահանջարկ ունեն դեպի Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան տուրիստական զբոսաշրջային փաթեթները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի համակարգող Վահե Դոխոյանը շեշտեց, որ պետք է կիրառել արդի տեխնոլոգիաները՝ մարդկանց տեղեկացնելու մարզերի զբոսաշրջային հնարավորությունների մասին։ Ըստ նրա այսօր շատերը, տեսնելով Լոռու տաղավարն ու ծանոթանալով մարզի տուրիստական վայրերին, զարմանում էին, որ այդպիսի տեղեր կան Հայաստանում։
Տուրիզմի համաշխարհային օրվան նվիրված զբոսաշրջային էքսպոն ոչ միայն ցուցադրում էր մարզերի զբոսաշրջային առանձնահատկությունները, խոհանոցը, այլեւ ուղեկցվում էր մշակութային տարբեր ծրագրերով։ Ներկայացված էր ազգային երգն ու պարը, հենց Հյուսիսային պողոտայում հաց էին թխում, բրուտագործները տեղում թրծում էին կավե իրեր, թել էին մանում, իրենց արհեստն էին ցուցադրում նաեւ գորգագործները։



































