Հայաստանի ԱԺ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 72 հարց, միջազգային 21 պայմանագիր: Այս մասին նշվել է սեպտեմբերի 27-ին, ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը նախագահել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 13 հարց:

Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ  սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 30-ի Ազգային ժողովի նիստում:

Պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հարցադրմանը, թե արդյոք առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում կքննարկվի «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան`  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրել է եւս 15 օրով հետաձգել հարցը, քանի որ լրացուցիչ ճշգրտումների անհրաժեշտություն կա: