Կան հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ տրանսպորտի սակագինը կարող է չբարձրանալ, Երեւանում իդեալական տրանսպորտը կարելի է կազմակերպել 100 դրամով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հասարակական պաշտպան» հ/կ նախագահ Արամ Գրիգորյանը։

Նա նշեց, որ տրանսպորտի վերաբերյալ խնդիրը նորից հրատապ է դառնում։ «Օրենքով Երեւանի համայնքում քաղաքապետին իրավունք է վերապահված, որ կարգավորի համայնքային տրանսպորտը: Քաղաքապետը, հիմք ընդունելով այդ հոդվածը, անդրադառնում է միայն տրանսպորտի սակագնին, մինչդեռ տրանսպորտի խնդիրը ունի բազմաթիվ հարցեր։ Ծառայությունների մատուցման խնդիրը մի կողմ է թողնված, խոսակցությունը գնում է չիրականացված ծառայության գնի մասին։ Մենք պնդում ենք, որ քաղաքապետարանը պետք է ներկայացնի քաղաքի տրանսպորտի խնդիրները, քաղաքապետի վրա ֆունկցիա էլ դրված չէ սակագնի»,- ասաց Արամ Գրիգորյանը։

Նա մանրամասնեց, որ կա մրցութային հանձնաժողով, տնտեսվարողները դիմում են իրենց առաջարկներով, հանձնաժողովը որոշումներ է ընդունում ներկայացված հայտերի հիման վրա։ Նրա խոսքով՝ քաղաքապետը որոշում է ընդունել եւ հանձնարարել, որ հնում կնքված պայմանագրերի մեջ փոփոխություն լինի միայն սակագնի, որակի եւ մնացածների մասին չի խոսվում, հաշվարկ էլ չկա։ «Քաղաքապետին պետք է հորդորել եւ ասել, որ օրենքի սահմանում պետք է որոշում ընդունի, առաջին հերթին ուշադրություն դարձնի ծառայությունների որակին, հետո գնին։ Իսկ որակը կարող է լինել երթեւեկեող մեքենաների տեսքը, երթուղին, հաճախականությունը, այդքանը ապահովելուց հետո պետք է հաշվարկել եւ ասել, որ այս որակի երթեւեկությունը կարող է արժենալ այսքան»,- ասաց նա։

Արամ Գրիգորյանի խոսքով՝ որոշակի մեթոդիկայով սակագին են հաշվել, վերցրել են քաղաքապետարանի հայտարարած թվերը եւ հաշվարկներով պարզ է դարձել, որ տրանսպորտի սակագինը հարյուր դրամը չի գերազանցում։ Բայց կան նաեւ այլ «ինտրիգներ», օրինակ՝ քաղաքապետարանը ասում է, որ երթուղային տաքսին տեղափոխում է այնքան մարդ, ինչքան իր տեխնիկական հնարավորություններն են թույլ տալիս, մինչդեռ մոնիթորինգը ցույց է տալիս, որ այդպես չէ։ Ըստ հ/կ-ի հարշվարկների՝  նախատեսելով ընկերությանը տասը տոկոս շահույթ, ավտոբուսի համար ստացվում է 97 դրամ ուղեվարձ, միկրոավտոբուսի համար՝ 85 դրամ։ Նա շեշտեց, որ քաղաքային տրանսպորտը կոլափս վիճակում է, թեեւ սակագնով տրվում են մեքենանները վերանորոգելու համար գումար, բայց դա չի արվում։

Հ/կ-ի ղեկավարը նաեւ շեշտեց, որ հանձնաժողովը իրավական որեւէ լեգիտիմություն չունի, ոչ պրոֆեսինալ կառույց է, այն լիազորություն չունի սակագին որոշելու, սակագին հաշվելու լիազորություն ունեցող հանձնաժողովը պետք է օրենքով ստեղծվի, ոչ թե քաղաքապետի որոշմամբ։ «Ես սա գնահատում եմ որպես իմիտացիոն քայլ։ Քաղաքացիական նախաձեռնությունը խնդիր է դրել ստեղծել հանրային հանձնաժողով, հրավիրվելու են բոլոր շահագրիգիռ կառույցները, ուզում ենք մարդիկ հայտնեն տեսակետները»,- ասաց Արամ Գրիգորյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am