Քաղաքացիական նախաձեռնության կողմից տրանսպորտի խնդիրները քննարկելու համար ստեղծվելիք հանրային հանձնաժողովի առաջին լսումը կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ուրբաթ օրը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության հեղինակներից Անի Կաղինյանը։ Նա տեղեկացրեց, որ դահլիճ են վարձակալել, հանձնաժողովի աշխատանքներին կհրավիրեն անկախ փորձագետների, ներկայացուցիչներ պետական կառույցներից՝ Կառավարություն, ԱԺ, քաղաքապետարան, միջազգային կառույցներից, դեսպանատներից։

Նման հանձնաժողով ստեղծելու առաջին փորձը գազի սակագնի առթիվ էր, նույն ձեւով էլ սա են ցանկանում կազմակերպել։ «Հանձնաժողովը, որը երեկ կազմակերպել էր Տարոն Մարգարյանը, ընդգրկված էր Հենրիկ Նավասարդյանը: Իմ ընկերները 60 օր շարունակ նստացույց են անում, որ նա պաշտոնանկ արվի, բայց Տարոն Մարգարյանը իրեն թույլ է տալիս հանցագործ Հենրիկ Նավասարդյանին ընդգրկել հանձնաժողովում։ Ի սկզբանե այն ապօրինի է, քանի որ այնտեղ ընդգրկված է Հենրիկ Նավասարդյանը, Գեւորգ Մելքոնյանը՝ «ախալքալաքցիների զորավարը», ով հրահրում է կռիվ ուսանողների մեջ: Քաղաքացիական նախաձեռնությունը գտնում է, որ այս հանձնաժողովը նորմալ հանձնաժողով չէ»,- ասաց Անի Կաղինյանը։

Նրանք բոյկոտում են այդ հանձնաժողովի աշխատանքները եւ շեշտում, որ այդտեղ հասարակության լայն շերտերը ներկայացված չեն։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am