Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:30-ին,  Երեւանի Կոմիտաս 5 հասցեում կառուցվող շենքի հարակից երեք շենքերի բնակիչները` մոտ 10-15 մարդ, հավաքվել էին քաղաքապետարանի մոտ` պահանջելով, որպեսզի իրենց ընդունի քաղաքապետը կամ Երևանի գլխավոր ճարտարապետը (ֆոտոռեպորտաժ): «Մենք ուրիշ ոչ ոքի հետ չենք խոսի, եկել ենք` առաջարկենք, որ հենց այստեղ` քաղաքապետարանի մոտ, կառուցեն ոչ թե 7, այլ 14 հարկանի գեղեցիկ շենք, ինչպես որ Տարոն Մարգարյանն է ասում: Թող նա բացի պատուհանը, տեսնի այդ գեղեցիկ շենքն ու հիանա»,- ասաց բնակիչներից Անուշ Բալասանյանը:

Մոտ 30 րոպե անց բնակիչներին մոտեցան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանն ու Քաղաքաշինական հարցերով ծառայության պետ Արբակ Վարդանյանը: Նրանք բնակիչներին առաջարկեցին հարցը քննարկել դահլիճում, որտեղ ներկա կլինեն միայն իրենք ու բնակիչները: Լրագրողներին թույլ չտվեցին մասնակցել այդ հանդիպմանը: Այս պահին բնակիչները ներսում են: Քննարկման արդյունքները կներկայացնենք ավելի ուշ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am