Հաջորդ տարի կառավարությունը պլանավորում է ՀՆԱ-ի 5.2% աճ, այդ կանխատեսումն է ընկած պետական բյուջեի 2014 թ. նախագծի հիմքում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

2014 թ, պետական բյուջեի նախագծով առաջարկվում է եկամուտներ 1 տրլն 127 մլրդ 400 մլն դրամ, ծախսեր՝ 1 տրլն 237 մլրդ 900 մլն դրամ, դեֆիցիտ՝110 մլրդ 500 մլն դրամ:

Կանխատեսվում է, որ հարկերի եւ տուրքերի մասնաբաժինը ՀՆԱ-ում կկազմի 23,1%, դեֆիցիտը՝ 2,3%:

ՀՀ վաչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով հատարարեց, որ զարգացող երկրներում տեղի է ունենում տնտեսական ցուցանիշների վատթարացում: մասնավորապես՝ Համաշխարհային բանկն ու Արրժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել են Ռուսաստանի աճի կանխատեսումը, ինչը, ըստ Տ. Սարգսյանի, Հայաստանի վրա էական ազդեցություն կարող է թողնել:

«Վերջին տարիներին մասնավոր ներդրումների կրճատում է տեղի ունենում, ուրեմն պետք է մտածենք բիզնես միջավայրի բարելավման մասին եւ հարկային բեռը ճիշտ բաշխենք, որ տեղի չունենա հարկային բեռի ավելացում: Ամեն տարի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարձրացնում էինք 0.3 տոկոսային կետով, այս տարի որոշեցինք թողնել նույնը, որ բիզնեսի վրա բացասական ազդեցություն չլինի»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանը սկսում է անդամակցումը Մաքսային միությանը, որը նոր միջավայր է ստեղծում, սակայն պետք է այնպես անել, որ անցումը լինի սահուն: