2014 թ. հունվարի 1-ից 15%-ով կբարձրանա միջին կենսաթոշակը, իսկ հուլիսի 1-ից՝ 40%-ով՝ աշխատավարձերը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Աշխատավարձերն ու թոշակները կբարձրացվեն պետական բյուջեում նախատեսվող 90 մլրդ դրամ հավելյալ եկամուտների հաշվին՝ 36,6 մլրդ դրամ ուղղելով աշխատավարձերին, 34,1 մլրդ դրամ՝ թոշակներին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ կենսաթոշակների բարձրացումը տարբեր խմբերի համար կլինի տարբեր: Այսպես՝ ցածր թոշակ ստացողների թոշակը կբարձրանա ավելի բարձր տեմպով՝ մինչեւ 25%-ով, իսկ բարձր թոշակներ (70 հազ. դրամ եւ ավելի) ստացողների թոշակը կբարձրանա ընդամենը 3%-ով: Բացի այդ՝ կսահմանվի նվազագույն կենսաթոշակ՝ 18.2 հազ. դրամ:

Այս առիթով ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը հայտարարեց, որ կա մի խումբ թոշակառու, որ ամսական 1 մլն դրամ է ստանում, որը դժգոհություն է առաջացնում ցածր թոշակ ստացողների մոտ: Վարչապետն ասաց, որ օրենքի փոփոխություններով այդ խմբերի միջեւ տարբերությունները պետք է մեղմեն: