Մեկ ու կես ժամ տևած քննարկումից հետո Կոմիտաս 5 հասցեում կառուցվող շենքի հարակից երեք շենքերի բնակիչները քաղաքապետարանից դուրս եկան դժգոհ ու մոլորված. նրանք ակնկալում էին հանդիպում քաղաքապետի կամ գլխավոր ճարտարապետի հետ, փոխարենը նրանց հետ խոսել են քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանն ու Քաղաքաշինական հարցերով ծառայության պետ Արբակ Վարդանյանը, ովքեր ըստ էության «ոչինչ չեն ասել»:
«Ախր ի՞նչ կարող էին ասել էդ մարդիկ, նույնիսկ չհասկացանք` ովքեր են: Կարևոր բան կարող էր ասել միայն քաղաքապետը»,- լրագրողներին ասաց բնակիչ Մուշեղ Սուվարյանը:
Քաղաքապետարանի աշխատողները զարմացել են` մի՞թե բնակիչները չեն ուզում, որ Երևանում ևս մեկ շենք կառուցվի: Բնակիչների առաջարկին, թե նոր, գեղեցիկ շենք թող կառուցվի քաղաքապետարանի դիմաց, պաշտոնյաները հեգնանքով պատասխանել են «կմտածենք»:
Քաղաքապետարանի աշխատակիցները խոստացել են երկուշաբթի այցելել Կոմիտաս 5 և ուսումնասիրել, թե որքանով են արդարացված բնակիչների բողոքներն այն մասին, որ կառուցվող նոր շենքի պատճառով տուժելու են հարակից շենքերի բնակիչները:
Բնակիչները մեր թղթակցին պատմեցին, որ շենքի փոխարեն խաղահրապարակ կառուցելու իրենց առաջարկի մասին քաղաքապետարանի աշխատակիցները խոստացել են մտածել «նույն լրջությամբ», որով արձագանքել են «14 հարկանի գեղեցիկ շենք» կառուցելու իրենց առաջարկին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























