Հայ-վրացական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարեւոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, նշվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հանդիպման ժամանակ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում իր առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանին:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել գնդապետ Մուրթազ Գուջեջիանիի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` մեր երկրների ռազմական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ստորագրված պաշտպանական ոլորտին առնչվող ծրագրերը:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին արդյունավետ ծառայության համար եւ հաջողություն մաղթեց հետագա գործունեության ընթացքում:




























