Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Դ. Զ.-ի, քաղաքացիներ Մելանյա Ս.-ի եւ Սասուն Մ.-ի դիմումների հիման վրա հարուցվել է քրեական գործ (ՀՀ ՔՕ-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով):

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դ. Զ.-ն իր դիմումներում նշել է, որ դատախազությունում աշխատած ժամանակաշրջանում` 2012 թվականի հունվարին, Կոտայքի մարզի դատախազի տեղակալի միջնորդությամբ վերջինիս բարեկամուհուց վերցրել է 5000 ԱՄՆ դոլար` ամսական 10 տոկոս տոկոսադրույքով: Հետագայում այդ գումարի տոկոսները վճարելու համար պարտքով այլ անձանցից եւս գումարներ է վերցրել ու ընկել է ծանր կացության մեջ:

Պարզվել է նաեւ, որ Դ. Զ.-ն այս տարվա հուլիսի 4-ին ազատվել է դատախազության համակարգից` իր դիմումի համաձայն եւ ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում:

Միաժամանակ, Կոտայքի մարզի դատախազի տեղակալը եւ վերջինիս բարեկամուհին, իրենց բացատրություններում ժխտել են նախկին դատախազին պարտքով կամ տոկոսով գումար տրամադրելու հանգամանքը:

Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ. Զ.-ն մինչեւ ԱՄՆ մեկնելը, չարաշահելով մի շարք անձանց վստահությունը, նրանցից տարբեր պատրվակներով գումար է վերցրել ու չի վերադարձրել:

Այսպես, Դ. Զ.-ն քաղաքացի Սասուն Մ.-ից վերցրել է 8000 ԱՄՆ դոլար եւ չի վերադարձրել, իսկ քաղաքացի Մելանյա Ս.-ից, սկսած 2011 թվականի ապրիլից, տարբեր պատրվակներով վերցրել է մոտ 55 000 ԱՄՆ դոլար եւ կրկին չի վերադարձրել:

Կատարվում է նախաքննություն: