Սեդրակ Զատիկյանի սպանության գործով Ստեփան Հակոբյանի դատը արդեն 3 ամիսն է հետաձգվում  է եւ գործով այդպես էլ դատավճիռ չի կայացվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեդրակ Զատիկյանի քեռին՝ Մելս Հարությունյանը: «Բժշկական փաստաթուղթ են ներկայացնում, թե հիվանդ է: Եթե այդպես շարունակվի դատարանը պատրաստվում է  որոշում կայացնել, որպեսզի լրացուցիչ ստուգման ենթարկվի, որպեսզի պարզ դառնա իսկապես այդքան վատ է, թե ոչ»,- ասաց Մելս Հարությունյանը: 

Հարցին, թե ի՞նչ են շահում դատերը երկարաձգելով, նա պատասխանեց. «Տեսնեն ինչ անեն, ոնց անեն, որ տակից դուրս գան»: Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից էլ տեղեկացանք, որ Ստեփան Հակոբյան գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում եւ դատարան ներկայացված բժշկական տեղեկանքով իրենք տեղեկացրել են, որ Զատիկյանի առողջական վիճակը թույլ կտա միայն սեպտեմբերի 30-ից ներկայանալ դատական նիստերին:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացանք, որ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 2-ին, որից հետո նոր միայն պարզ կդառնա Ստեփան Հակոբյանը կներկայանա նիստին, թե ոչ:

Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Ստեփան Հակոբյանը բարդ վիրահատության է ենթարկվել եւ հիմա գտնվում է  հետվիրահատական շրջանում: Հարցին, թե ինչ վիրահատություն է եղել ասել էին. « Վիրահատությունը տեղի է ունեցել դատապարտյալների հիվանդանոցում: Դա մի քիչ անձնական է»:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Զատիկյանի գործով  ոստիկանությունից տեղեկացրել էին, որ  ըստ դատաբժիշկների նշանակված փորձաքննության, մահացել է սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա: Փորձաքննությամբ նաեւ պարզվել է, որ Ա. Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, ինչն էլ մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի պայմաններում հանգեցրել են մահվան: Փորձաքննությունից հետո քննություն սկսվեց, թե որտեղից են նրա ձեռքում հայտնվել թմրանյութը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ  2013-ի հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին: Վերջինս  Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան է: Անդրանիկ Զատիկյանը հաշվառված է Մեծարենցի 58 հասցեում, սակայն  բնակվում էր Նոյ թաղամասում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Անդրանիկ Զատիկյանի հայրն էլ` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից: Իսկ Զատիկյանի ավագ որդին` Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: