Պարենային ապրանքների շուկայում սեպտեմբերի երկրորդ կեսին հիմնական փոփոխությունը մսամթերքի շուկայում է: Մսեղենի կայուն գների պայմաններում երշիկեղենի եւ նրբերշիկի որոշ տեսակներ թանկացել են՝ միջինը կգ-ը 40 դրամով: Այսպես՝ «ՍԱՍ» սուպերմարկետում թանկացել է «Բարի Սամարացու» սիրողական երշիկն ու նրբերշիկը, «Երեւան սիթիում»՝ «Աթենքի» նրբերշիկը; Սա հիմնականում պայմանավորված է ներմուծված մսի, մասամբ՝ էլեկտրաէներգիայի թանկացմամբ:

Կաթնամթերքի շուկայում էական փոփոխություններ չկան: Միայն կարագն է էժանացել՝ կգ-ի մեջ 20-40 դրամ:

Ալյուրի շարունակական էժանացման զուգահեռ՝ նկատվում է ձավարեղենի որոշ թանկացում: «Ալեքս գրիգի» մեծածախ բազայում բարձր կարգի ալյուրի կգ-ի գինն իջել է մինչեւ 218,7 դրամ՝ նվազագույն  գինը 2013 թ. ընթացքում: Սա նաեւ 3 դրամով զիջում է օգոստոսի վերջի գնին: Փոխարենը՝ թանկացել են բրինձը, հնդկաձավարը, ոսպը, ոլոռը: Թաիլանդական բրինձը, որը սեպտեմբերի առաջին կեսում էժանացել էր միանգամից 100 դրամով, վերջին օրերին մոտ 20 դրամով թանկացել է՝ կգ-ն արժե 690 դրամ: Սակայն շուկայի խոշորագույն մատակարարներից մեկը՝ «Մառանիկը» բրնձի գնային փոփոխություն չի կատարել: «Երեւան Սիթիում» ոսպը թանկացել է 25 դրամով եւ արժե 530 դրամ կգ-ը: Ոլոռի որոշ տեսակներ եւս թանկացել են՝ 10 դրամով:

Հաի ձուն սեպտեմբերի երկրորդ կեսին դադարել է թանկանալ, իսկ Երեւանի թռչնաֆաբրիկան դիետիկ ձվի գինը իջեցրել է միանգամից 10 դրամով՝ մինչեւ 72 դրամ; Մյուս տեսակի ձվերը էժանացել են 1 կամ 2 դրամով:

Շաքարավազի գները կայուն են՝ 340-370 դրամի սահմաններում: