ԼՂՀ-ի հետ մաքսային սահմանը կարող է շահավետ լինել Հայաստանի համար: Այսօր` սեպտեմբերի 30-ին, լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` մեկնաբանելով Մաքսային միություն երկրի մուտք գործելու հավանական հետեւանքները:
«Ոմանք ասում են, որ Հայաստանի նպատակն է Մաքսային միություն տանել նաեւ Ղարաբաղը: Իսկ հարցին պետք է նայել այլ տեսանկյունից: Եթե միջազգային մակարդակով ճանաչվի, որ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ սահման կա, նշանակում է` Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, այլ ուրիշ միավորի: Սակայն պարտադիր չէ Ադրբեջանի կազմի մեջ մտնող միավորի: Դրա հետ պետք է շատ հմտորեն խաղալ», – նշել է Մակարյանը:
Ըստ նրա` եթե ԼՂՀ-ի շրջակա տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ապա միայն շատ մեծ տնտեսական արժեքով, որը Ղարաբաղին կօգնի կարգավորել ազատ առեւտուրը եւ տարածաշրջան ներգրավել նոր եկամուտներ: «Դա շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար», – հավելել է Մակարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























