Ոստիկանները հայտնաբերել են օգոստոսի 25-ի երեկոյան, «Հաղթանակ» կամրջի վրա քաղաքացիական ակտիվիստ Միքայել Տոնոյանին ծեծի ենթարկողներին: Հիշեցնենք, որ նրանք ասել էին. «Մեր հերերի՞ն եք նեղացնում»:
Այս առնչությամբ, ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է.
«Օգոստոսի 25-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երեւանի քաղաքապետարանի մոտ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի երիտասարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 22.20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա իրեն են մոտեցել 3 անծանոթ տղաներ, քաշքշել, ձեռքով հարվածել եւ դիմել փախուստի:
47-ամյա Մկրտիչ Տ.-ն հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, ժամը 23.50-ին հաղորդում է տվել, որ օգոստոսի 25-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա իրեն են մոտեցել 3 անծանոթ տղաներ, անհիմն վիճաբանել են իր հետ, ինչի ընթացքում երիտասարդներից մեկը ձեռքով հարվածել է իր դեմքին ու աջ ձեռքին` պատճառելով մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Տուժողը` Մկրտիչ Տ.-ն, հաղորդում եւ բացատրություն տալուց հետո այլեւս չի ներկայացել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նա հրաժարվում է ներկայանալ ոստիկանություն` բացատրություն եւ համապատասխան ցուցմունք տալու, ինչպես եւ` դատաբժշկական փորձաքննության գնալուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մկրտիչ Տ.-ին օգոստոսի 25-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա մարմնական վնասվածք պատճառած 3 անձինք են 37-ամյա Արթուր Թ.-ն, 39-ամյա Վաղարշակ Վ.-ն եւ 48-ամյա Վադիմ Ո.-ն:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արթուր Թ.-ն, Վաղարշակ Վ.-ն եւ Վադիմ Ո.-ն Երեւան քաղաքի բար-սրճարաններից մեկի մոտից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ խոստովանել են իրենց կատարած արարքը:
Կատարվում է քննություն»:





























