Խոչընդոտվել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը Հայաստանում գտնվող ռուսաստանցի սահմանապահների կողմից, այնուհետեւ տարածվեց հայտարարություն, որտեղ սահմանապահների խոսքում անհարգալից շեշտադրումներ են տեղ գտել։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով Սյունիքի մարզում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ռուսաստանցի սահմանապահների միջեւ գրանցված միջադեպը։
«Սահմանապահներն անգամ իրենց իրավունք էին վերապահել գնահատական տալ պատգամավորի գործունեությանը՝ նշելով, նրա արեւմտամետ լինելը։ Օտարերկրյա պետության ներկայացուցիչն իրավունք չունի պիտակավորել ՀՀ ԱԺ պատգամավորին եւ քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը՝ հարց ուղղելով ԱԺ նախագահին, թե արդյոք նա ստացե՞լ է տվյալ միջադեպի վերաբերյալ պարզաբանում։
Փաշինյանը նաեւ հետաքրքվեց, թե ինչի՞ հիման վրա են Ռուսաստանի սահմանապահները պետական սահմանից տասնյակ կիլիոմետր հեռավորության վրա իրականացրել նման գործողություններ եւ անցագրային կետ սահմանել։
Ի պատասխան հնչած հարցադրման՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ միջադեպի մասին տեղեկանալուց հետո, կապ է հաստատել Զարուհի Փոստանջյանի հետ, եւ պայմանավորվել հանդիպել, սակայն, հաշվի առնելով, որ թիվ 38 ընտրատարածքում ընտրություններ էին եւ տիկին Փոստանջյանը Սյունիքում էր, հանդիպումը չի կայացել։
«Ես խնդրել եմ եւ ինձ տեղեկանք են ներկայացրել Սահմանապահ զորքերի կողմից եւ ես տեղեկանքին կծանոթանամ ընդմիջման ընթացքում։ Ես համակարծիք եմ Ձեր տեսակետին, որ սահմանին օրենքը պետք է գործի հավասարապես ինչպես քաղաքացիների, այնպես էլ պատգամավորների համար։ Եւ եթե ոտնձգություն լինի ԱԺ պատգամավորի նկատմամբ, ապա միանշանակ դրան կտրվի համարժեք գնատատական»,- ասաց ԱԺ նախագահը։
Սակայն նրա պատասխանը չբավարարեց Փաշինյանին, ով կրկնեց իր հարցերը, ինչին Աբրահամյանն արձագանքեց. «Այնպիսի տպավորություն է, որ Դուք խոսում եք խոսելու համար»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ի երեկոյան, Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ նրան ուղեկցողների մեքենան կանցնեցրել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները եւ խոչընդոտել Սյունիքում թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածուի քարոզարշավը: Նրանք կոտրել են տեսախցիկը, որով նկարահանել են տեղի ունեցողը:
Ավելի ուշ դեպքի առնչությամբ հայտարարություններով են հադես եկել թե ռուսական կողմը, թե «Ժառանգություն» կուսակցությունը:
Ռուս սահմանապահները մեղադրում են Զարուհի Փոստանջյանին
«Ժառանգությունը» զրպարտություն է որակել ռուս սահմանապահների հայտարարությունը





























