Վրաստանում ընտրությունների մոնիտորինգի ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ռուսաստանցի պատգամավոր Վասիլի Լիխաչովին արգելել են մուտք գործել երկիր, քանի որ նախկինում նա այցելել էր Աբխազիա եւ Հարավային Օսիա: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողներին հայտնել է պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Նա պատմել է, որ Վրաստանի կառավարությունը տեղեկացրել էր «Վասիլի Լիխաչովի` Վրաստան մուտք գործելու անհնարինության» մասին:
Ըստ Պուշկովի` ԵԽԽՎ-ի ռուսական պատվիրակությունը հույս ունի, որ նոյեմբերին Վիեննայում ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովի նիստում Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ վճիռ կկայացվի: Ըստ նրա` պատժամիջոցների տակ ենթադրվում է Վրաստանում ԵԽԽՎ միջոցառումներ անցկացնելու անհնարինություն` երկու տարվա ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ ըստ վրացական «Օկուպացված տարածքների մասին» օրենքի, առանց Թբիլիսիի թույլտվության Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելելը համարվում է օրենքի խախտում:





























