Հայաստանի կառավարությունը 2014 թ. նորամուծություն է ցուցաբերել երեխաներին վճարվող նպաստների հարցում: Ինչպես եւ 2013 թ.՝ առաջին եւ երկրորդ երեխայի համար միանգամից կվճարվի 50 հազ. դրամ, երրորդ եւ հաջորդ երեխաների համար՝ 500 հազ. դրամ: Սակայն ՀՀ կառավարությունը բյուջեի նախագծում մտցրել է հետեւյալ առաջարկությունը. Երրորդ երեխայից սկսած երեխայի համար բանկում կստեղծվի հատուկ դրամագլուխ:
Երրորդ եւ չորրորդ երեխայի դրամագլուխը կկազմի 500 հազ. դրամ, իսկ հինգերորդ երեխայից սկսած՝ 1 մլն դրամ: Ընդ որում՝ յուրաքանչյուր երեխայի համար առանձին հաշիվ է բացվելու:
Կառավարությունը սահմանելու է կարգ, թե ինչպես կարելի է ծախսել այդ դրամագլուխը մինչեւ երեխայի 18 տարին լրանալը, իսկ լրանալուց հետո երեխան ինքնուրույն է որոշելու ինչպես ծախսել:
ՀՀ կառավարության կանխատեսմամբ՝ 2014 թ. կծնվի 42,3 հազ. երեխա: Ընտանիքում ծնված 1-ին, 2-րդ երեխաների թիվը կկազմի 35733, 3-րդ եւ 4-րդ երեխաներինը 6244, իսկ 5-րդ եւ հաջորդող երեխաներինը` 356:





























