Համաներում անցկացնելը կարեւոր է Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկները գերհագեցած են բանտարկյալներով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահի՝ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը:

«Կան բանտարկյալներ, որոնք բազմաթիվ խախտումներ ու հանցագործություններ են գործել, սակայն Արդարադատության նախարարության ճիշտ աշխատանքի դեպքում՝ նրանց նկատմամբ ավելի օգտակար կլիներ համաներում կիրառելը, քան թողնել բանտում, որտեղից նա հասարակություն կբերի բանտային ավանդույթները»,-ասաց Վարդանյանը:

Հարցին, թե Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, որոնց կվերաբերի համաներումը, դաշնակցական գործիչը պատասխանեց, որ «քաղբանտարկյալ» ձեւակերպման 5 կետերից միայն մեկին համապատասխանում է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, «սակայն նրա ճակատագիրը պարզ կլինի այն բանից հետո, երբ մենք ծանոթանանք համաներման մասին նախագահի առաջարկությանը»: