Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը անցյալ շաբաթ շուկայից գնել է 10,9 մլն դոլար` 405,72 դրամ միջին կշռված փոխարժեքով (աղբյուր` ԿԲ պաշտոնական կայք): Այդ կերպ ԿԲ-ին հաջողել է կանխել դրամի չափից ավելի ուժեղացումը:

Անցյալ շաբաթ դոլարի փոխարժեքը հիմնականում գտնվել է 406 դրամից ցածր մակարդակում: Այն, որ դոլարը չի իջել 405-ից ներքեւ՝ ԿԲ-ի կողմից դոլար գնելու արդյունք է:

Հատկանշական է, որ դրամի ուժեղացումը տեղի է ունենում միջազգային շուկայում եվրաբոնդերի հաջող թողարկման մասին տեղեկատվությունից անմիջապես հետո: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 18-ին թողարկել է 700 մլն դոլար ծավալով եւ 6% եկամտաբերությամբ յոթամյա պարտատոմսեր:

Եվրաբոնդերից ստացած գումարների մի մասը ներարկվելու է տնտեսություն՝ բանկային համակարգի միջոցով (ինչպես տեղի ունեցավ ռուսական վարկի դեպքում); Իսկ դա ֆինանսական համակարգում գործնականում վերացնում է դոլարի դեֆիցիտի հետ կապված բոլոր մտահոգությունները; Հավանաբար հենց այս սպասումները նպաստել են դոլարի արժեզրկման միտումներին:

Նշենք, որ սեպտեմբերին ԿԲ-ն բավական ակտիվ է արժութային շուկայում՝ գնել է մոտ 18 մլն դոլար, եւ վաճառել 4 մլն դոլար: