Հայաստանը պետք է փորձի Մաքսային միությունում արտոնյալ մաքսային սակագներ ստանալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ դա կարող է լինել առաջին շոշափելի շահը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց:
«Ինչպես հայտնի է, Մաքսային միությունում կիրառվում են երեք տեսակի մաքսատուրքեր: Բազային մաքսատուրքը կիրառվում է բարեկամ երկրների նկատմամբ, երկակի մաքսատուրքը՝ ոչ բարեկամ երկրների, իսկ երրորդ տիպը արտոնյալ մաքսատուրքն է, որը կազմում է բազային մաքսատուրքի 75 տոկոսը: Այս վերջինը կիրառվում է զարգացող երկրների դեպքում՝: Հենց այդ կատեգորիայում էլ պետք է Հայաստանը փորձի ընդգրկվել»,-պարզաբանել է Մակարյանը:
Խոսելով Հայաստանի համար երկարաժամկետ օգուտների ու վնասների մասին, նա հավելել է, որ առաջին 3-4 տարիներին իրավիճակը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, սակայն երկարաժամկետ հեռանկարում հին բիզնես պրակտիկան եւ ցածր պահանջկոտությունը որակի ստանդարտներին, օգուտ չեն տա Հայաստանի արդյունաբերությանը: «Մեր տանը մենք դա տեսնում ենք բելառուսական օրինակով. Բելառուսի գյուղտեխնիկան իր գնով արդեն մրցունակ չէ Հայաստանում եւ այդ մասին սկսել են խոսել երկու երկրների պատվիրակությունների հանդիպումների ժամանակ: Ղազախստանի տնտեսությունը նույնպես 90 տոկոսով հումքային է եւ հեռանկարում իրավիճակի փոփոխություն չի երեւում: Նույնպիսի վիճակ է նաեւ մեզ մոտ»,-նշել է Մակարյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է համագործակցի Մաքսային միության հետ, բայց տեսադաշտից բաց չթողնի եվրոպական ուղղությունը: «Մենք պետք է որակի եվրոպական չափանիշներ որդեգրենք, որպեսզի մեր արտադրողները չկորցնեն եվրոպական շուկան»,-ամփոփել է նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























