Գյումրիում շինարարական աշխատանքների ժամանակ մահացած 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանի գործով երկամսյա ժամկետով կալանավորվել է նրա գործընկերը՝ 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը:Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնից:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:Ոստիկանությունից հայտնեցին, որ այլ կասկածյալներ, մեղադրյալներ չկան:
Երազգավորսի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Դորոժնիկ» ՍՊԸ-ն բավականին օգնել է Մեսրոպյանների ընտանիքին, կազմակերպել են թաղումսը, Կրասնոյարսկից եկել է նրա եղբայրը: Մահացածի կինը հոկտեմբերի վերջին կամ մինչեւ նոյեմբերի սկիզբ պետք է երեխա ունենա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում սեպտեմբերի 26-ին, ողբերգական միջադեպ է եղել: Ժամը 10:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը Երեւանյան խճուղու նրբանցքի փողոցներից մեկում տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի «կովշով» պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին:
Ստացած վնասվածքի արդյունքում նա տեղում մահացել է: Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ Լ. Հեքիմյանն ու Վ. Մեսրոպյանը աշխատում էին «Դորոժնիկ» ՍՊԸ-ում, տարածքում Ջրմուղի հետ աշխատանքներ էին կատարում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի (տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:





























