2014 թ. արմատապես կվերանայվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձի որոշման կարգը: Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փաթեթ, որը պետական բյուջեի հետ մեկտեղ կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանը:
Դրանով նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձի որոշման հետեւյալ կարգը: Նախ` կսահմանվի ինչ-որ բազային դրույք, որը կբազմապատկվի գործակիցներով: Ամենաբարձր գործակից ունի ՀՀ նախագահը` 20, նրան հետեւում են ԱԺ նախագահն ու վարչապետը` 18: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը չորրորդ տեղում է` 16 գործակցով, նրան հետեւում է ազգային անվտանգության խորհրդի նախագահը` 15.5:
ՀՀ փոխվարչապետը, գլխավոր դատախազը, վճռաբեկ պալատի նախագահը, վերահսկիչ պալատի նախագահն ու մարդու իրավունքների պաշտպանն ունեն 15 գործակիցը:
Նախարարի գործակիցը սահմանվել է 12` հավասարեցվելով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, կառավարության աշխատակազմի ղեկավարի, ազգային անվտանգության ծառայության, ու ոստիկանության պետի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ու վճռաբեկ դատարանի դատավորի գործակցին:
Այս սանդղակում աչքի է զարնում այն, որ մարդու իրավունքների պաշտպանի գործակիցն ավելի բարձր է, քան նախարարներինը:
Բազային գործակիցը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի 80%-ից, ու չպետք է գերազանցի 120%-ը: Կառավարությունն առաջարկում է 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնել 5 հազ. դրամով` մինչեւ 50 հազ. դրամ: Հետեւաբար` բազային գործակիցը կազմում է նվազագույնը 40 հազ. դրամ (բազային գործակիցը յուրաքանչյուր տարի հաստատվելու է բյուջեի հետ մեկտեղ):
Այսպիսով` ստացվում են հետեւյալ աշխատավարձերը. ՀՀ նախագահ` 800 հազ. դրամ (ներկայում 400 հազ. դրամ է), ԱԺ նախագահ եւ վարչապետ` 720 հազ. դրամ (ներկայում 340 հազ դրամ է), նախարարները` 480 հազ. դրամ (ներկայում 300 հազ. դրամ է):





























