Սեւանի թերակղզում 20-ամյա Հովիկ Ղ.-ն լուսադեմին հանդիպելով տնակ փնտրող աղջիկներին՝ հետապնդել է եւ քաշքշել նրանց: Ճամբարակի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Հովիկ  Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիսի 15-ին, ժամը 05:00-ի սահմաններում Սեւանի թերակղզում հանդիպելով Հեղնար Ա.-ին ու նրա հետ եղած անձանց եւ իմանալով, որ նրանք տնակ են փնտրում գիշերելու համար ,առաջարկել է տնակ տրամադրել, սակայն մերժում ստանալով, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, խուլիգանական դրդումներով իր գործողություններով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Նա շուրջ 30 րոպե լրջորեն անհանգստացրել ու ծաղրանքի է ենթարկել Հեղնար Ա.-ին, որից հետո իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել է նրանց, իսկ երբ աղջիկը խնդրել է իրենց չանհանգստացնել, վերջինս ոչ միայն չի կատարել նրա պահանջը, այլեւ շուրջ 10 րոպե վիճաբանել է, քաշքշել ու հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Քրեական գործ է հարուցվել 258  հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 3-ին: