Կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից ցած նետված  բնապահպանության աշխատակից 22-ամյա Հայկ Հայրապետյանի գործընկերները հարցաքննվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը եւ ավելացրեց, որ իրավապահները մինչեւ այսօր իրեն չեն հանդիպել:

Նա նաեւ տեղեկացրեց, որ անգամ Հայկի հեռախոսը իրեն չեն տրամադրել, որպեսզի իմանան, թե վերջին անգամ ում է զանգել եւ ում հետ է խոսել: «Միայն անձնագիրն է մեզ մոտ, որովհետեւ Երեւանի տանն էր մնացել: Բանկոմատի քարտն էլ չկա»,- նշեց  Հայկի հայրը եւ ավելացրեց, որ մինչ օրս փորձաքննության պատասխաններն էլ չեն ստացել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից  նետվել է  22-ամյա Հայկ Հայրապետյանը, ով  բնապահպանության նախարարության աշխատակից էր: Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանն էլ ասել էր, որ Հայկը  նախարարության աուդիտի բաժնի աշխատակից էր, ընդմիջումից 5 րոպե առաջ դուրս է եկել աշխատասենյակից եւ տեղի է  ունեցել դեպքը:  «Պարտաճանաչ աշխատակից է եղել, կոլեկտիվի կողմից սիրված, կոլեկտիվին նվիրված»,- ասել էր մամուլի քարտուղարը` հավելելով, որ աշխատակիցները նրա մոտ որեւէ կասկածելի բան չեն նկատել: