Հայաստանի ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀ ԳԱԱ Երիտասարդական խորհրդի աջակցությամբ կազմակերպում է երիտասարդական գիտաժողով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյանը, գիտաժողովը լինելու է «Փորձաքննությունների ազգային բյուրոյում կազմավորված փորձագիտական տվյալների բազաների կազմակերպչական եւ գիտագործնական փորձի ուսումնասիրությունը, դրանց համադրումը հանրապետությունում առկա դատափորձագիտական բազաների հետ: Հանրապետությունում առկա դատափորձագիտական տվյալների բազաների՝ եվրոպական դատափորձագիտական տվյալների բազաներում ինտեգրման նախադրյալները» թեմայով:

Գիտաժողովը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-4-ը ՀՀ ԳԱԱ Աղվերանի գիտաժողովների տանը: Միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են դատափորձագիտական եւ իրավական ոլորտների կառույցների, Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների եւ ԲՈւՀ-երի ակտիվ մասնակցությունը: