«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը 6 ամիս է՝ ինչ Հայաստանում չէր: Նա գիշերն է վերադարձել եւ առաջիկայում կորոշի կմնա Հայաստանում, թե ոչ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Կարապետյանն անկեղծացավ, թե ի՞նչից է հիասթափվել, ո՞ւր էր եւ ի՞նչ է պատրաստվում անել:

Պարոն Կարապետյան, երկար ժամանակ է Հայաստանում չէիք, նույնիսկ ասում էին, թե  քաղաքականությունից հիասթափվել-հեռացել եք:

Ճիշտ է, որոշակի հիասթափություն կա, բայց հիասթափությունս, ոչ թե քաղաքականությունից է, այլ մարդկանց որակի փոփոխությունից: Տեսեք, մարդիկ ոտքի են կանգնում, բարձրաձայնում, թե կառուցվելիք  բարձրահարկ  շենքը իրենց արեւը փակում է, բայց մոռանում են, թե դա ինչի հետեւանք է: Այսինքն` գլոբալ խնդիրները թողած, մասնավոր հարցերով են զբաղվում: Չեն մտածում, որ իրենց կողոպտում են, իրենց վրա հարստանում են, իրենց քցում են, ժողովրդին որպես կլիենտ են ընդունում: Հա որպես կլիենտ` զուտ շաքար առնող: Բուն խնդիրը թողած ասում են՝ էսինչը շենք ա սարքում, էն ինչը հարսանիք արեց, մյուսն էլ, թե ում կնքեց: Դրանով իշխանության սցենարն են աշխատեցնում:  Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ պայքարը պետք է սկսենք անազնիվ ընտրություններից եւ ավարտենք ազնիվ ընտրություններով:

Ինչպես հասկացա, հետեւել եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպե՞ս եք վերաբերում Մաքսային միությանը միանալուն:

Անկեղծ ասած, դեմ եմ, որովհետեւ դրանով հերթական անգամ իշխանությունները ուրիշի ձեռքերով են ցանկանում առաջ գնալ: Այնինչ` իրենք ոչինչ չեն անում: Ինչո՞ւ իրենք չեն զարգացնում պետությունը: Ո՞ւր են փողերը, ո՞ւր են վարկերը:

Անսպասելի էր ձեր պատասխանը, քանի որ երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում եք ապրել:

Ճիշտ եք: Ռուսներին էլ լավ եմ վերաբերվում: Բայց ի՞նչ միություն: Մենք միավոր ենք: Ես կածում եմ դա ռուսների համար պարզապես միավորները ավելացնելու առիթ է, ոչ թե մեր մաքսային տարածքով են մտահոգված:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունենք: Հայաստանում երկա՞ր եք մնալու, թե՞ շարունակելու եք ճանապարհորդել:

Դեռ չեմ որոշել: Չգիտեմ: Ես չմասնակցեցի նախագահական ընտրություններին, որովհետեւ կասեին Կարապետյանը Րաֆֆի Հովհաննիսյանից ձեն է փախցնելու, չգիտեմ ո՞ւմ վրա է աշխատելու: Ես ինձ մինչեւ վերջ մաքուր պահեցի: Ոչ ոք ոչինչ չի կարող ասել, որովհետեւ ոչ ոքի ասածով առաջ չեմ գնացել: Ես սկզբից մինչեւ վերջ ժողովրդին եմ հավատարիմ մնացել եւ իմ վաստակած փողերը ժողովրդի վրա եմ ծախսել: Իսկ այսօրվա իշխանությունների փողերը վաստակած չեն: Այսօրվա իշխանությունը կոպեկ չի վաստակել: Երիտասարդները փեսա-աներ հարաբերություններով են հարստանում:

Իսկ այստեղ գտնվելու ընթացքում հանդիպումներ ունենալո՞ւ եք իշխանական եւ ընդդիմադիր գործիչների հետ: Ասում են՝ ընդդիմությունը համախմբվում է եւ թեժ աշուն է սպասվում:

Իշխանական ոչ, բայց ընդդիմադիրների հետ կհանդիպեմ: Բայց, ոչ մի թեժ աշուն չկա, չի էլ լինի: Ամեն ինչ շինծու է: Լրագրողները Լեւոնի համար ճղում էին իրանց, ո՞ւր ա  հիմա Լեւոնը: Օդ էր, օդ:

Իսկ ԱԼՄ-ի փակվելուց հետո ձեր բիզնեսի վրա ճնշումները շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ:

Իմ բիզնեսը դրսում է: Իմ բիզնեսի վրա ո՞նց կարող են ճնշում գործադրել, եթե արտերկրում է: Մեծ բիզնես կենտրոն ունեմ, որը ամսական եկամուտ է տալիս: Ավելին` այն եկամուտը, որը ես ծախսում էի ժողովրդի վրա, հիմա ծախսում եմ իմ ընտանիքի եւ իմ վրա: Գնում եմ տարբեր պետություններ եւ երկրներ:

Այս ամիսների ընթացքում ճանապարհորդել եք եւ, եթե գաղտնիք չէ որտե՞ղ եք հասցրել լինել:

Այս վեց ամսում 8 պետություն եմ այցելել: Եղել եմ Հնդկաստանում, Թայլանդում, Կամբոջայում, Կուբայում, Պանամայում, աստվածների երկիր Պերուում, Կոլումբիայում: Փորձում եմ աշխարհ տեսնել:

Իսկ ընտանիքով էիք ճանապարհորդո՞ւմ, թե՞ միայնակ:

Մի քանի ամիս ընտանիքով եմ ճանապարհորդել, իսկ մյուս մասը՝ միայնակ: Ընտանիքս հիմնականում Հայաստանում է  բնակվում: Սակայն, ինչպես նշեցի,  ես առաջիկայում կորոշեմ կմնամ Հայաստանում, թե կրկին կմեկնեմ:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը