«Հրապարակը» գրում է, թե անցնող «ուիքենդը» բավականին տարողունակ էր իշխանական էլիտայի համար` եկեղեցուց եկեղեցի, ռեստորանից ռեստորան անցնելու առումով: Կիրակի օրն այդ մարաթոնն ավարտեց  Աբրահամյաններից Գագիկի` Բռլյանտի Գագոյի դստեր` Հայկուհու հարսանիքը:

Աբրահամյան եղբայրները մեկ մարդու նման` Արայի գլխավորությամբ, շարվել էին Սբ. Գայանե եկեղեցու խորանում. Հայկուհին կրում է Աբրահամյանների ընտանիքում գրեթե պաշտամունք դարձած իրենց մոր անունը: Սբ. Գայանեում էին նաեւ Ռուսաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, աշխույժ ելումուտի մեջ էր քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Պսակադրության կարգը կատարում էին ոչ թե Սբ. Գայանեի քահանաները, այլ` մայր տաճարից Արշակ սրբազանը: Քավորն էլ ոչ թե Աբրահամյանների ծննդավայր Վայոց Ձորի մարզպետն էր, այլ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ի դեպ, եկեղեցու մոտ Աբրահամյանների պատվին «գոլդ» մեքենաներն այնքան շատ էին, որ մյուս հարսանիքների մեքենաները 2-3 ժամ շարունակ չէին կարողանում խցանումը հաղթահարել: