Սերժ Սարգսյանը ԱԺ է ներկայացրել համաներման մասին օրենքի նախագիծ՝ անկախության 22-ամյակի կապակցությամբ: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Սա Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման արդեն երկրորդ համաներումն է: Առաջինը 2009 թվականին էր, ինչի արդյունքում ազատության մեջ հայտնվեցին 2008 թվականի Մարտի 1-ի գործով ձերբակալված ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների գերակշիռ մասը:
Բոլորն են հիշում, որ այդ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը գտնվում էր հասարակական եւ միջազգային մեծ ճնշման տակ... Այդ քայլից հետո նա վաստակեց Եվրոպայի հաճոյախոսությունների մի ալիք:
Այսօր էլ Սերժ Սարգսյանը համաներման է գնում նմանօրինակ իրավիճակում:
Բավական բարդացել են Սերժ Սարգսյանի հարաբերությունները Եվրոպայի հետ՝ Մաքսային միության մասին որոշումից հետո: Եվ այս տեսանկյունից հարկ է նկատել, որ համաներման նախագիծը Սերժ Սարգսյանն ԱԺ-ին է ներկայացնում Ստրասբուրգի ճանապարհին, որտեղ նա ելույթ է ունենալու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջ: Բնականաբար, Սերժ Սարգսյանը հերթական անգամ պետք է խոսի այն մասին, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական արժեքներին: Սակայն Մաքսային միության մասին որոշումից հետո նման հավաստիացումները պարզապես ծիծաղելի կհնչեն ԵԽԽՎ դահլիճում:
Եվ այս տեսանկյունից համաներման նախագիծը, ըստ ամենայնի, միտված է ինչ-որ կերպ դառնալ Սերժ Սարգսյանի, այսպես ասած, հանդուրժողականության մի գործնական օրինակ, որը պետք է սիրաշահի Եվրոպային։
Համաներում՝ ներման դիմաց. ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը այս ակնկալիքով է մեկնում Եվրոպա»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























