ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի երեխաների` կիրակի օրը տեղի ունեցած մկրտման արարողությունն առանձնացել է ոչ միայն անհարկի շքեղությամբ, այլեւ այդ երեւույթի նկատմամբ բարձրաստիճան այրերի վերաբերմունքով: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Այսօր արդեն զարմանալի չէ, որ պաշտոնյաների եւ իշխանամերձ անձանց երեխաների հարսանիքները, ծնունդներն ու կնունքներն ուղեկցվում են այնպիսի ճոխություններով, որոնք շարքային քաղաքացիներիս «հազար ու մի գիշերվա» հեքիաթներն են հիշեցնում:

Համացանցում հայտնված տեսաձայնագրությունը վկայում է, որ եկեղեցին փակ է ու ոչ աստվածահաճո զարդարված։ Կնունքին, շեշտենք, եկեղեցում ներկա գտնվելու համար, հրավիրված էր իշխանությունը` ողջ «փայլով», սակայն կադրերում հանրությանը անհայտ անձինք են, ծանոթ դեմքերից են միայն Վիկտոր Դալլաքյանը` տիկնոջ հետ, եւ գործարար Ռուբեն Հայրապետյանը, ով արդեն իշխանություն չէ:

Փոխարենն Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում ներկա են բոլորն անխտիր ու անգամ դաշնակցական, արդեն «մի ոտքով» Գերմանիայում դեսպան Վահան Հովհաննիսյանը:

Փաստորեն, Հայաստանի վերնախավի համար մկրտությունը նույնացվում է հերթական կերուխումի հետ, այլապես գոնե նրանցից մի քանիսը, որպես քրիստոնյա, պետք է եկեղեցի գնային: Եթե այդքան մշտազբաղ են մեր երկրի «բազմաչարչար» պաշտոնյաներն ու պատգամավորները, կարող էին եկեղեցի գնալ եւ չմասնակցել «Փարվանայի» «հաճույքներին»:

Իսկ լեփ-լեցուն, «իշխանախեղդ» «Փարվանայում» իշխանության «սերուցքի» իրական դեմքն ավելի ցցուն է դառնում: Կնունքին սովորաբար պետք է տեր հայրը սեղանները օրհնի, հետո միայն ներկաները ճաշակեն ուտելիքը: Սա ավելորդություն է համարել օլիգարխը, «զիզի-բիզի» բաների հետեւից չի ընկել: Փոխարենը Ռուսաստանից բերել է տվել Քրիստինե Օրբակայտեին, Լյուբով Ուսպենսկայային ու սեփական բարեմասնությունները հնարավորինս արտահայտիչ ցուցադրող այլ ռուս աստղիկների, հայերից էլ` Արմենչիկին, Զարուհի Բաբայանին եւ այլոց»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):