ՊՊԾ աշխատակիցները Գայի արձանի հարակից տարածքում հսկում են ոչ թե Աշոտ Կարապետյանի տան ճանապարհահատվածը, այլ մարդաշատ երթուղին:  Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ՊՊԾ աշխատակիցները,  ինչպես մնացած մարդաշատ երթուղիները, հսկողություն են իրականացնում նաեւ այդտեղ, կան ճանապարհային երթեւեկության նշաններ, սրճարաններ, մեքենաները հաճախ գալիս, կանգնում են եւ խցանում են առաջացնում, նրանց աշխատանքը ընդհանրապես կապ չունի իր՝ տուն գնալու ճանապարհի հետ:

Ավելին՝  Երեւանի ոստիկանապետը նույնիսկ չէր էլ նկատել այդտեղ հսկողություն իրականացնող ոստիկաններին, քանի որ այդ ճանապարհով չի գնում տուն: «Ես 00:00-ից հետո եմ տուն գնում, Հայկի արձանի խաչմերուկում մեքենան կանգնեցնում եմ, ոտքով ճանապարհը անցնում, անպայման անցումով եւ կանաչ լույսի տակ,  ուզում եմ քայլել, թարմանալ, ու դեռ մի 100-150 մետր քայլում եմ մինչեւ տուն հասնելը, «Կոշիկի տան» կանգառում եմ ապրում: Առավոտյան էլ ժամը 7:50 դուրս եմ գալիս տնից, ոտքով իջնում եմ Ավանի խաչմերուկի սկիզբը, որտեղ Նոր Նորքը սկսվում է, մեքենան գալիս է, նստում եմ եւ գնում աշխատանքի, չեմ էլ տեսնում կանգնած ոստիկաններին»,- իր երթուղին ամենայն մանրամասնությամբ պատմեց Երեւանի ոստիկանապետը:

Հարցին, թե ամեն ինչ պատմեց, չի վախենում նորից մահափորձ անեն, նա պատասխանեց. «Եթե ուզենան մահափորձ անեն, թող անեն, խնդիր չկա, չբացահայտվող հանցագործություն չկա: Եթե մի օր թիկնապահներով ման գամ, դա կլինի աշխարհի վերջը, ասա՝ գնանք, մեռնենք, էլի: Ունեմ եւ պարգեւատրված զենք, եւ տաբելային զենք, բայց դրանք չեմ կրում: Իմ նկատմամբ մահափորձ էլ են փորձել կազմակերպել, որից հետո մարդիկ դատապարտված են: Աստված իմ կողքն է, առանց իմ իմանալու էլ այդ դեպքը բացահայտվել է»,- ասաց Աշոտ Կարապետյանը:

Նշենք, որ ըստ «Ժողովուրդի» խմբագրություն զանգահարած քաղաքացիների՝ ՊՊԾ աշխատակիցները «հսկում» են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի տան ճանապարհահատվածը, որպեսզի նա անվտանգ տուն հասնի։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր զրուցակիցները պատմեցին, որ Երեւանի Գայի արձանի հարակից տարածքում մի պուրակ կա, որտեղով Ա. Կարապետյանը ժամը 21:00-ին տուն է գնում։ Այդ հատվածում են «հավաքվում» ՊՊԾ աշխատակիցներն ու մարդկանց արգելում կայանել իրենց մեքենաները, անտեղի տուգանում, «ակտիվ» աշխատանքներ իրականացնում՝ նշելով, թե Երեւանի ոստիկանապետը պետք է անցնի այդ տեղով ու տեսնի իրենց աշխատանքը։